Մատչելիության հղումներ

logo-print

Գեղարվեստի ակադեմիա ընդունվողների անուններն արդեն իսկ հայտնի են


Այսպես, բուհում այս տարի քննությունների գնահատականները փակցվում են ոչ թե քննության հաջորդ օրը մինչեւ ժամը 16:00-ը, ինչպես պահանջում է սահմանված կարգը, այլ քննությունից օրեր անց: Գեղարվեստի ակադեմիայում որոշել են դիմորդների տարբեր օրերին հանձնած երեք քննությունները միաժամանակ ստուգել եւ երեքի գնահատականն էլ փակցնել ամբողջ քննաշրջանի ավարտին, այսինքն՝ երեկ, երբ բուհի բոլոր դիմորդներն արդեն հանձնել էին բոլոր քննությունները:

Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանը վկայակոչում էր նախարարության որոշումը, ըստ որի, արվեստի բուհերը կարող են քննություններն իրենց կանոններով անցկացնել, ուստի իրենք էլ «որոշել են դիմորդների աշխատանքները միաժամանակ գնահատել»:

Սեփական հայեցողությամբ սահմանված քննակարգի շնորհիվ հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը ցուցակները փակցնելուց 20 օր առաջ արդեն անուն առ անուն գիտեր բուհ ընդունված դիմորդներին: Բողոքարկման ընթացքում դիմորդներին անգամ տարբերակ էր առաջարկվում, թե «գուցե սեպտեմբերին այսինչ դիմորդը չկարողանա վարձը մուծել, եւ դու նրա տեղը կընդունվես»:

Դիմորդներից մեկի գնահատականն այնուամենայնիվ մեկ միավորով բարձրացավ, ինչի արդյունքում արդեն հայտնի դարձավ, որ նա վճարովի համակարգ կընդունվի: Ի դեպ, Հայկ Փայասլյանը բոլորին համոզում էր, որ շատ չտխրեն վճարովի ընդունվելու համար, քանի որ կարգն արդեն փոխվել է, եւ գերազանցիկները մեկ կիսամյակ հետո տեղափոխվում են անվճար համակարգ:

Թեպետ, ըստ պատասխանատու քարտուղարի՝ մրցույթը չի վերահսկվել, այնուհանդերձ բոլոր մրցութային ֆակուլտետների անցողիկ միավորները հանձնաժողովը գիտեր:

Նախորդ տարի էլ այս բուհում բողոքարկումներն անաղմուկ չանցան: Երկու դիմորդների 8 դրական գնահատականը բողոքարկման արդյունքում իջեցվել էր անբավարարի՝ 7-ի, այդպիսով դիմորդները զրկվել էին հետագա պայքարի հնարավորությունից:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG