Մատչելիության հղումներ

logo-print

Խարբերդի մանկատանը «մանկատուն» անունն այլեւս չի սազում


Տարիներ շարունակ ամեն կիրակի այս երիտասարդները հավաքվում են դարպասների մոտ եւ ժամերով սպասում ծնողներին: Բայց՝ անօգուտ. ոչ ոք չի գալիս նրանց տանելու: Մտավոր եւ ֆիզիկական տարբեր արատներով այս մարդկանց դեռ վեց տարեկանում ծնողները բերել են, թողել մանկատանը եւ արդեն 20 տարուց ավելի գրեթե չեն էլ հետաքրքրվել՝ կենդանի՞ են իրենց զավակները, թե՞ ոչ: Նման ճակատագրով երիտասարդները մեկ-երկուսը չեն, Խարբերդի մասնագիտացված մանկատան շուրջ 200 սաների կեսից ավելին շուտով կհատեն 25-30 տարեկանի սահմանը: Արդյունքում՝ խնամակալական այս հիմնարկի կարգավիճակը տարեցտարի ավելի ու ավելի անորոշ է դառնում, եւ «մանկատուն» անունը դրան այլեւս չի սազում:

«Մի անգամ հետաքրքրվում են՝ երեխայի վերջն ի՞նչ եղավ, գալիս տեսնում են՝ խորը հաշմանդամ, թուլամիտ. թողնում, ավելի հիասթափված գնում են ու այլեւս չեն գալիս», - փաստում է մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը:

Երիտասարդների մի մասն այստեղ ապրում է առանձնացված հատուկ սենյակներում, իսկ շատերը, տեղի բացակայության պատճառով, նույնիսկ խառնված են 10-20 տարով փոքրերի խմբերին: 18 տարին լրացած պատանիներին այստեղ պահելու իրավունք մանկատան տնօրինությունը փաստացի չունի, սակայն այլընտրանք էլ չունի, այս 87 երիտասարդները գնալու տեղ չունեն: Վերջին տարիներին Հայաստանի հոգեբուժարաններում հիվանդների թվի աճի պատճառով նրանց համար տեղ չկա: Տեղ չկա նաեւ ընտանիքներում:

«էս երեխաներին տնից որ հանում են,նրանց տեղը արագ լցվում է: Նրանց այլեւս չեն սպասում իրենց տանը, նոր երեխաներ են ծնվում,հետո՝ շրջապատի խնդիր կա, հարս, աղջիկ, ժողովրդական մենթալիտետ, մեղադրելու չէ», - փաստում են մանկավարժները: «Հասարակությունը ոչ մի կերպ չի աջակցում այս ընտանիքներին: Սոցիալական ծառայությունները զարգացած չեն, ոչ մի օգնություն չկա, մարդիկ էլ խեթ-խեթ են նայում նման ընտանիքներին»:

Խորհրդային տարիներին նման երիտասարդների խնդիրը լուծվել է կոշտ եղանակով.18 տարին լրանալուն պես բոլորին տեղափոխել են հոգեբուժարաններ, եւ այս փակ ու «աչքից հեռու» կառույցներում խնամակալական խիստ անբարենպաստ պայմանները նպաստել են նրանց արագ մահացությանը: Արդյունքում՝ պետությունը հարկ չի համարել հոգալ հասարակության այս շերտի հետագա կյանքի համար պայմաններ ստեղծելու մասին:

Այսօր միջազգային տարբեր կառույցներին երկրի անդամակցությունն այլեւս թույլ չի տալիս նախկին մեթոդները կիրառել, արդյունքում՝ հոգեկան խնդիրներով մարդկանց մահացության ցուցանիշը մի քանի անգամ կրճատվել է: Սակայն դրան զուգահեռ հրատապ է դարձել նրանց կացարաններով ու խնամակալներով ապահովելու խնդիրը, թեեւ պետությունը դրա լուծմանն ուղղված որեւէ գործնական քայլ դեռեւս չի կատարել:

Խարբերդի մանկատան երիտասարդները դուրս են մնացել նաեւ «Մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման»՝ վերջին տարիներին իրականացվող պետական ծրագրից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում հիմնավորում են՝ «ծրագիրը միայն առողջների համար է»:

Վերջին հույսը Խարբերդի մանկատան հին մասնաշենքի վերանորոգումն է, որի համար պետբյուջեով տրամադրված է շուրջ 56 միլիոն դրամ: Սակայն այն կարող է տեղավորել մինչեւ 120 երիտասարդի: Եւ, եթե հաշվի առնենք, որ մանկատանը տարեկան չափահաս է դառնում մի քանի տասնյակ երիտասարդ, ակնհայտ է, որ հաշված տարիներ հետո այս շենքն էլ կլցվի, այսինքն՝ խնդիրն, ըստ էության, անլուծելի է:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG