Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լրացուցիչ կուսումնասիրի արտասահմանյան նոր ավտոմեքենաների շուկան


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է լրացուցիչ ուսումնասիրություն կատարել ավտոշուկաներում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, դրա անհրաժեշտությունն առաջացել է արտասահմանյան նոր մարդատար ավտոմեքենաների շուկայում: Ռուսական արտադրության եւ շահագործման մեջ եղած ավտոմեքենաների շուկային դա չի վերաբերում:

Հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2005 թվականի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներկրվել ընդամենը 552 արտասահմանյան նոր ավտոմեքենա: Հանձնաժողովը սա կասկածելի է համարել՝ գտնելով, որ, հնարավոր է, ֆիզիկական անձանց պատվերով տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկրված մարդատար ավտոմեքենաները սահմանը հատում են ֆիզիկական անձանց, այլ ոչ թե փաստացի ներկրող տնտեսվարող սուբյեկտի անունով:
Ընդ որում, ինչպես նշեց Արմինե Ուդումյանը, դրա նպատակն է փաստաթղթային ընթացակարգերը կարճացնելը, որպեսզի լրացուցիչ վերաձեւակերպման խնդիր չառաջանա, եւ որեւէ օրենքի դա չի հակասում: Այնուհանդերձ, հանձնաժողովի գնահատմամբ, արտասահմանյան նոր ավտոմեքենաների ներկրման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը չի արտացոլում շուկայի իրական պատկերը, ուստի հանձնաժողովը լրացուցիչ կուսումնասիրի շուկան:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG