Մատչելիության հղումներ

Վիկտոր Սողոմոնյան. «Freedom house-ի զեկույցը աչքի է ընկնում օբյեկտիվության պակասով»


Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմանյանի կարծիքով՝ Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցը օբյեկտիվ չէ:

«Ցավոք, պետք է ասեմ, որ հերթական զեկույցը աչքի է ընկնում օբյեկտիվության պակասով», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Զեկույցի հեղինակները փաստել էին, որ «Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել է լուրջ խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող: Քաղաքական ընդդիմախոսները հրաժարվել են ճանաչել նրա լեգիտիմությունը: Քոչարյանի վարչակազմի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային հանրության կողմից շարունակաբար թերի է որակվում: Իրավիճակն այս բնագավառում ահագնացավ 2004 թվականին, երբ իշխանությունները աննախադեպ ճնշման ենթարկեցին Հայաստանի ընդդիմությանը՝ ներառյալ ձերբակալությունները եւ նույնիսկ բռնությունը»:

«Freedom house»֊ի այս զեկույցն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե խոսքը անծանոթ ինչ֊որ այլ երկրի մասին է, բայց ոչ Հայաստանի», - ասել է նախագահի խոսնակը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե զեկույցի կոնկրետ ո՞ր դրույթներն են նման տպավորություն ստեղծում, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց.֊ - «Ես, ճիշտն ասած, չէի ցանկանա հիմա մանրամասներին անդրադառնալ: Կարծում եմ, ընդհանուր տպավորությունն արդեն բավական է»:

Անցած հինգշաբթի օրը հրապարակված զեկույցի հեղինակները նշել էին, որ «անկախությունից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր համընդհանուր ընտրությունները այս կամ այն չափով ուղեկցվել են լցոնումներով, քվեարկության կեղծումներով եւ նման այլ խախտումներով»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG