Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 5-ը օգոստոսի)

«Ազգ»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներուժը դեռ չի սպառվել. - «Բանակցային գործընթացը դեռ ողջ է։ Ներուժը չի սպառվել եւ մենք պատրաստ ենք շարունակել մեր բանակցությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հակամարտության կողմերի նոր հանդիպում անցկացնելու որեւէ առաջարկի դեպքում մենք պատրաստ ենք», - շեշտել է Մամեդյարովը։

«Առավոտ»-ը փոխանցում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի հաղորդած տեղեկությունը, ըստ որի Բաքվից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի մեկնելուց անմիջապես հետո Ադրբեջանի Խիզինի շրջանում, որի ռելիեֆը շատ նման է Լեռնային Ղարաբաղի տեղանքին, անցկացվել են ներքին զորքերի մարտական պատրաստության ստուգման զորավարժություններ։ Նկատի ունենալով Բաքվում Բրայզայի արած հայտարարությունը, թե 2007 թվականի առաջին կեսին հակամարտության կարգավորման հնարավորությունները բավականին մեծ են, թերթը եզրակացրել է. - «Հարցի լուծման ժամկետների հետաձգման պայմաններում պաշտոնական Բաքվին այլ բան չի մնում անելու, քան մեծացնել իր ռազմական ներուժը եւ խաղաղ բանակցությունների տապալման դեպքում դիմել խնդրի ուժային լուծման»։

Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի նախընտրական խճանկարը ուրվագծելով, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը կանխատեսում է, թե հետագա նախընտրական գործընթացներում արմատական ընդդիմադիր դաշտի մասնատումը կշարունակվի, ու լավագույն դեպքում կձեւավորվեն երկու խոշոր ընդդիմադիր դաշինքներ՝ «Արդարությունից» կհեռանան «Հանրապետությունը», ԱԺԴ-ն ու ԱԺՄ-ն, որոնք ըստ թերթի, բանակցություններ են վարում «Ժառանգություն» կուսակցության հետ միավորվելու շուրջ։ «Այս խմբին, ենթադրաբար, կհարեն «Ազատական առաջադիմական» եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, գուցե նաեւ ԱԻՄ-ը», - գրում է թերթն ու որակում. - «Բոլոր այս ուժերի միավորիչ գործոնը կդառնա հակառուսականությունը եւ արեւմտյան ժողովրդավարության էքսպանսիայի համատեքստում Հայաստանում «ծաղկավոր» հեղափոխություն իրականացնելու տեսլականը։ Չի բացառվում, որ կուսակցությունների այս խմբին հարի «Օրինաց երկիր»-ը: Աջ ուժերից թերեւս միակը, որը միայնակ կգնա ընտրությունների կամ լավագույն դեպքում ձեւական դաշինք կկազմի նախկինում իր մասը կազմող կուսակցությունների հետ՝ ՀՀՇ-ն է»։

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում նկատելով, թե մինչեւ այժմ ընդդիմադիր դաշտում ձեւավորված ձեւաչափերը իրենց չեն արդարացրել, ընդգծում է.֊ - «Այսօր ժողովուրդը հուսալքված է, որովհետեւ հասարակության ճնշող մեծամասնությունը չի հավատում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությանը։ Իհարկե, հասարակությունը բոլոր հիմքերն ունի այդպես մտածելու, քանի որ այս իշխանությունների կողմից ընտրությունները շարունակաբար կեղծվում են։ Սակայն այս իշխանությունների դեմ պայքարելու համար դաշինքների ստեղծումն ամենեւին պարտադիր պայման չէ», - ասում է ՀԺԿ ղեկավարը։

«Ժամանակ-Երեւան» թերթը, արծարծելով իշխանափոխության թեման, գրում է. - «Զզվանքի աստիճանի է հասնում այն իրողությունը, որ վերջին մի քանի ընտրությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներն ընտրություն են կատարել չարյաց փոքրագույնի եւ ու վատթարի միջեւ։ Իսկ որ անկախ անձերից նորանկախ Հայաստանում դեռեւս ոչ մի անգամ ընդդիմությունը չի դարձել իշխանություն, իսկ իշխանությունը՝ ընդդիմություն՝ կարծես թե քչերին է հուզում», նկատում է թերթը։

Դոլարի հետագա արժեզրկում կանխատեսելով, «Հայոց Աշխարհ»-ը արձանագրում է. - «Հայաստանի արժութային շուկայում դրամի ամրապնդման միտումները գնալով խորանում են։ Դոլարի հարաբերությամբ դրամի փոխարժեքը ընդհուպ մոտենում է 400 նիշի սահմանագծին»։ Ըստ վերլուծաբանի. - «Այժմ, երբ ներքին շուկայում գնալով ավելանում է գնաճային ճնշումը, ավելին՝ մեծանում են ռիսկային գործոնները, չի բացառվում, որ Կենտրոնական բանկը փողի ցուցանիշների կրճատման ճանապարհով փորձի հասնել նախատեսված տարեկան 3 տոկոս սղաճի մակարդակի ապահովման։ Առավել եւս, որ այդ առումով որոշակի ռիսկեր, այնուամենայնիվ, պահպանվում են»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG