Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով քաղաքական դաշտի վրա ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի ազդեցությանը, «Իրավունքն» ուրվագծում է. - «Իշխանական ճամբարի համար զուտ հրապարակային առումով Արցախի հարցը, կարծես թե, հետաքրքրություն չի ներկայացնում, զի գերխնդիրը 2007-ի ընտրություններում մանդատները մեջմեջ անելու գործընթացն է։ Սակայն ընդդիմության ճամբարում էլ, կարծես թե, Արցախի անունը տվող չկա», - գրում է թերթն ու հիմնավորում. - «1997-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց կարգավորման տարբերակը, հրապարակները հեղեղվեցին ընդդիմադիր ցուցարարներով, Վազգեն Սարգսյան էլ բռունցքով հարվածեց սեղանին ու «ոչ» ասաց այդ տարբերակին։ Իսկ այսօր, երբ Մեթյու Բրայզան դեմ է տալիս մոտավորապես նույն փուլային տարբերակը, ոչ հրապարկում հավաքվածներ կան, ոչ էլ սեղանին խփողներ»։

«Եթե մեծահոգաբար ընդունենք, որ ժամանակին ադրբեջանցիները Ղարաբաղի բնակչության 20 տոկոսն էին, եւ հիմա այդ 20 տոկոսը ոչ Ղարաբաղում, այլ Ադրբեջանի որեւէ տարածքում միջազգային կազմակերպությունների հստակ վերահսկողությամբ պիտի մասնակցի հանրաքվեին, ասենք, Իմիշլիում կամ Միրբաշիրում, թող մասնակցի, ի՞նչ է պատահել։ Եթե այդ համաչափությունը պահպանվում է, մենք անհանգստանալու պատճառ չունենք», «Հայոց Աշխարհ»-ին փոխանցել է Ազգային Ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ կանխատեսելով. - «Ղարաբաղը այլեւս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դրանում համոզված են աշխարհի բոլոր քաղաքագետները, տնտեսագետները, անգամ հովիվները»:

Ներքաղաքական դաշտի զարգացումները գնահատելով, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «Առավոտ»-ում նշում է. - «Բացասական է, որ տեղի է ունենում օլիգարխիկ կառույցների եւ ստվերային տնտեսության համակենտրոնացում։ Եթե այս անգամ Հայաստանում ընտրություններն անցան կեղծիքներով, ապա Հայաստանը ուղղակի դուրս կշպրտվի տարածաշրջանային զարգացումներից, ժողովրդավարական աշխարհը, ըստ էության, կարող է կորցնել քաղաքական հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Այսօր մեր կարեւորագույն հաղթաթուղթը ժողովրդավարացումն է»։

«Ինքնավարկաբեկում» վերնագրի ներքո «Ազգ»-ի գլխավոր խմբագիրը, իր մտորումները փոխանցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին խորհրդաժողովի մասին, գրում է. - «Դահլիճում բազմությունը ծափահարում էր խանդավառ, որոտընդոստ, ինչպես կասեին արեւմտահայերը: Եվ ի՜նչ ելույթներ, գոռոզ կեցվածքներ, սնապարծ խոսքեր: Մինչդեռ մեր այդ օրվա ճառախոսները, որոնցից յուրաքանչյուրը նախապես առնվազն մեկ կուսակցության անդամակցած է եղել, ամենեւին միամիտ մարդու տպավորություն չեն թողնում: Եվ, ընդհանրապես, Հայաստանում հազիվ թե միամիտ մարդիկ մնացած լինեն, ովքեր հավատան ապագայի հաշվին տրված խոստումների», - գրում է խմբագիրն ու արձանագրում. - «Հիմա բոլորն են նախընտրում կանխավ բարգավաճել, այն էլ մի կուսակցություն ընդունվելիս, որի հիմնադիր նախագահը հարուստ է, շատ հարուստ, հոգ չէ, թե հարկատուների ցուցակում գրավում է ընդամենը 168-րդ տեղը, այսինքն, ունի փողի ավելցուկ... Մնում է, որ հարկերն էլ պարկեշտորեն վճարի, թեկուզ օլիգարխ հորջորջվի»:

Անդրադառնալով նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հրապարակային քաղաքականություն վերադառնալու խոսակցություններին, «Իրավունք»-ի մեկնաբանը փոխանցում է. - «Կան բավականին ուշագրավ տեղեկություններ հենց պաշտպանության նախարարի շրջապատին մոտ կանգնած աղբյուրներից, որ Սերժ Սարգսյանը «տակից» աջակցում է տերպետրոսյանական բեւեռի ձեւավորման գործընթացին, ու եթե դրան գումարենք այն, որ ընդդիմադիր դաշտում էլ կան «սերժականի» համբավ ունեցող կուսակցություններ, ապա պարզ է դառնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերակենդանացման ծրագիրը բավականին մեծ շանսեր ունի: Եթե 2008-ին կամ ավելի վաղ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, ապա դա նույն Սերժ Սարգսյանին հույսեր կտա ինչոր տեղ իբր «դրական» այլընտրանք դառնալ այդ թեկնածուին», - բացատրում է մեկնաբանը։

Նույն թերթը, հղում անելով նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրներին, փոխանցում է, թե այժմ ստվերային աշխատանք է տարվում նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ, որպեսզի բացառվի նրա համագործակցությունը «սուպերկուսակցություն դարձած ՀՀԿ-ի եւ պաշտպանության նախարարի հետ։ Ըստ թերթի՝ «այդ աշխատանքները համակարգում է արդարադատությա նախարար Դավիթ Հարությունյանը՝ գործի դնելով իր կապերը ինչ-ինչ միջազգային կառույցներում ընդգրկված ազդեցիկ քաղաքական գործիչների, արվեստագետների եւ գործարարների հետ»։

Սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովին ընդառաջ կոնկրետ աշխատանք ակնկալելով, «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Որքան էլ յուրաքանչյուր համաժողովի մասնակիցները խոսում են ու իրավամբ նշում, որ ժամանակն է արդեն Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները հուզական ժանրից, առանձին միջոցառումներ անցկացնելու պրակտիկայից տեւական, ծրագրավորված գործընթացի վերածելու, այնուամենայնիվ, ցանկությունները այդպես էլ մնում են բարի ցանկություններ: Ցանկացած ծրագրի արդյունավետ իրականացումը կարելի է ակնկալել միայն այն պարագայում, երբ «համահայկական ներուժ» հասկացությունը նույնպես հուզական կատեգորիայից վերածվի կոնկրետ, շոշափելի եւ, որ առավել էական է, գիտակցված ու ճանաչված մեծության»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG