Մատչելիության հղումներ

Ժեբրայիլ Ժեարա. «Հայաստանցիները իրենց հայրենակիցների համար անհանգստանալու ոչ մի պատճառ չունեն»


Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարան այսօր շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Լիբանանին հատկացված օգնության համար:

«Միայն մեծ ժողովուրդներն են, որ այդպիսի մարդկային վերաբերմունք են դրսեւորում», - նշեց դեսպանը՝ հավելելով, թե «հայաստանցիները Լիբանանում ապրող իրենց հայրենակիցների համար անհանգստանալու ոչ մի պատճառ չունեն»:

«Լիբանանահայերը շատ լավ վիճակում, են ո’չ մարդկային, ո’չ նյութական վնասներ չեն կրել, նույնսիկ մի փոքրիկ հայկական խանութ չի վնասվել, մի խոսքով՝ հայերը ողջ- առողջ են: Երեւի, Աստված սիրում է հայերին», - ասաց դեսպան Ժեարան:

«Իսրայելի գործողությունները ուղղված են Լիբանանը համակարգված ձեւով քանդելուն», - կարծիք հայտնեց դեսպանը:

Մոտ 1000 լիբանանցի է զոհվել Իսրայելի ագրեսիայի հետեւանքնով, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է, մոտ 1 միլիոն լիբանանցիներ գաղթել: Դեսպանի փոխանցմամբ, ռազմական գործողությունների ավելի քան 3 շաբաթվա ընթացքում իսրայելական կողմը շուրջ 5 միլիարդ դոլարի վնաս է պատճառել Լիբանանին: «Սա. ինչպես հասկանում եք, Հայաստանի բյուջեի հնգապատիկն է», - նշեց դեսպանը:

Նրա պնդմամբ, պատերազմական գործողությունների պատճառը «Հըզբոլահ»-ի կողմից իսրայելցիների գերեվարումը չէ, պատճառներն իրականում ավելի խորն են:

Ինչ վերաբերում է պատանդ իսրայելցիներն, դեսպանը դրան հակադրեց Իսրայելի բանտերում պահվող 8 լիբանանցիներին, որոնցից մեկը, ըստ նրա, բանտում է արդեն 27 տարի:

«Միջին Արեւելքում այսօր պայթյունավտանգ իրավիճակ է, իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունները դադարեցված են, գոյություն ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը, մինչեւ այսօր իրականացված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242 որոշումը, որը պահանջում է Իսրայելից հեռանալ Պաղեստինից», - ասաց Ժեբրայիլ ժեարան:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG