Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են կողմերի արձագանքը


«Օգոստոսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան հանդիպել են Փարիզում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Համանախագահները քննարկեցին նաեւ ԱՄՆ-ի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի ճանաչողական այցի արդյունքները», - ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ:

«Հիմնվելով Սանկտ-Պետերբուրգում Մեծ ութնյակի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վրա՝ համանախագահները դիտարկեցին այդ նպատակներին հասնելու հնարավոր տարբերակները: Այդ տարբերակները կներկայացվեն կողմերին՝ ակնկալելով նրանց արձագանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 17-ին Մեծ ութնյակը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին քաղաքական կամք ցուցաբերել եւ Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության հասնել արդեն 2006 թվականին:

«Մենք հաստատել ենք, որ «Ութի խումբը» աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ ընդգծել ենք հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների արագ համաձայնեցման անհրաժեշտությունը արդեն 2006 թվականին», - նշված էր Մեծ ութնյակի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG