Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Միշել Պլատինին առաջին անգամ է Հայաստանում, սակայն միշտ հետեւում է այստեղ կատարվող իրադարձություններին:

«Հայաստանն ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ հայազգի մի քանի անվանի ֆուտբոլիստներ հանդես են եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում եւ Ֆրանսիային օգնել աշխարհի գավաթը նվաճել: Ֆրանսիայում են գործում նաեւ հայազգի անվանի լրագրողներ, երգիչներ, այլ գործիչներ: Իսկ այն օրվանից, երբ ծանոթացա Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, սկսեցի ավելի ուշադիր հետեւել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- հայտարարեց Պլատինին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ֆրանսիական եւ համաշխարհային ֆուտբոլի աստղը Հայաստան է ժամանել նախօրեին՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով: Երեկ նա մասնակցել է Երեւանի Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն թաղամասերում փոքր խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողություններին, իսկ այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ: Նա հայտնեց, որ վարչապետին խնդրել է աջակցել երկրի ֆուտբոլի ֆեդերացիային: Պլատինին ընդգծեց, որ պետք է ուշադրություն դարձնել հատկապես պատանեկան ֆուտբոլի զարգացմանը:

Միշել Պլատինին իր թեկնածությունն է առաջադրել ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: Ռուբեն Հայրապետյանը չթաքցրեց, որ հաջորդ տարվա հունվարի 25-26-ին կայանալիք ընտրություններում քվեարկելու է նրա օգտին:

Նախագահ ընտրվելու դեպքում Պլատինին կառույցում որոշ փոփոխություններ կկատարի, սակայն դրանք, ինչպես ինքը նշեց, «հեղափոխական» չեն լինի:

Պլատինին Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլում հաջողություն մաղթեց եւ խոստացավ շարունակել հետեւել այստեղ տեղի ունեցող իրադարձություններին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG