Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Ժամանակ-Երեւան» թերթում այսօրվա իրականությունը բաղդատել է անկախության արշալույսի իրողությունների հետ. - «88-ին ուրիշ ժողովուրդ էր՝ իր վճռականությամբ, որոշակի ասելիքով։ Այն տարիներին գրեթե բոլորը պատրաստ էին սխրանքի, անձնազոհության։ Հիմա ուրիշ ժամանակներ են։ Երկրին զրկեցին անկախությունից՝ վերածելով ֆորպոստի՝ չեկիստական գունավորում ունեցող Ռուսաստանի, կամ աշխարհը մերժող ու աշխարհից մերժված Իրանի։ Ի վերջո, ողբերգականության աստիճան կարեւորն այն է, որ Քաղաքացուն ենք կորցրել ու դարձյալ երկրորդական է, թե ով է հպատակի վերածվածների տերը՝ հայկական կրիմինա՞լը, թե՞ նրանց միջազգային կամ ազգային պապաները», - ընդգծել է Սուրենյանցն ու ամփոփել. - «Մեր միջի ստրուկը հաղթեց, հարմարվեցինք՝ մեր տեսակի ու «ես»-ի հաշվին։ Նախկինում Վազգեն Սարգսյանն ու Մովսես Գորգիսյանն էին մեր հավաքականության հերոսներն ու իդեալները, հիմա՝ կաշառակեր նախարարն ու մեզ հարստահարող չինովնիկն ու օլիգարխը։ Ասել է թե՝ Արժեքը փոխեցինք զոռբայության, իսկ գաղափարը՝ փողի հետ»։

«Պետությունը դու՞ք եք» հարցը վերնագրելով, «Առավոտ»-ի խմբագրականն այսօր իբրեւ դեժավյու է որակել Հանրապետական կուսակցության համագումարից հետո այդ կուսակցության անդամներից մեկի հնչեցած գնահատական-սպառնալիքը, ըստ որի «Եթե Հանրապետականի հետ մի բան պատահի, դա կլինի երկրի վերջը»: Թերթի խմբագիրը այս կապակցությամբ նկատել է. - «Նման գնահատականները միշտ էլ ուղեկցել են մարդկությանը ու առավելապես հնչել են այն դեպքերում, երբ որեւէ երկրում որեւէ իշխանություն անհուսալիորեն կորցրել է իրականության զգացողությունն ու վերջնականապես մեկի կամ մի քանիսի անձը նույնացրել պետության հետ», - գրել է խմբագիրն ու թարմացրել է ընթերցողի հիշողությունը Լյուդովիկոս 14-րդի «Պետությունը դա ես եմ» հայտնի ասույթով։ - «Ուր են նրանք այսօր, պետության այդ անփոխարինելի մարմնավորողները։ Չկան։ Բայց ինչպես տեսնում ենք, նրանց շահածպահած պետությունները շարունակում են գոյություն ունենալ», - մատնանշել է խմբագիրը։

Հակադարձելով նրանց, ովքեր «Բարգավաճ Հայաստան»-ը համարում են «սափրագլուխների» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը «Առավոտ»-ին փոխանցել է. - «Սիրելով եւ հարգելով մեր հասարակությանը, հասկանում եմ, որ կան նաեւ մանկուց տառապյալներ, բավականաչափ հոգեկան շեղումներ ունեցողներ եւ որեւէ լավ բան չտեսնողներ: Չի կարելի նման բաներ հայտարարել: Ամբողջ աշխարհում մարդն ունի պաշտպանվելու իրավունք, եւ որեւէ մեկի գործը չէ, թե այդ պաշտպանողների վզերն ինչ հաստություն ունեն կամ գլուխները սափրած են, թե ոչ: Ուրիշ բան, որ նրանք իրավունք չունեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ վատ վարվել, այս ամենը անցումային շրջանի թերություններ են: Մենք զարգացման փուլում ենք, եւ այդ ընթացքում ամեն ինչի էլ կարող ենք առնչվել, բայց դա հոռետեսության պատճառ պետք է չլինի»:

Մայրաքաղաքի ու սահմանամերձ գյուղերի բնակիչների կենսակերպերը զուգահեռելով, «Ազգ»-ի մեկնաբանը փոխանցում է. - «Հայաստանի հեռավոր եւ հատկապես սահմանամերձ գյուղերում կարճ ժամանակով լինելուց անգամ Երեւանի քաղաքական կյանքը պատած իրարանցումը թվում է անհեթեթ ու անպիտան գործընթաց, այնքան որ տարբեր են այստեղի ու այնտեղի կյանքի որակը, կենսական հետաքրքրությունների շրջանակը, առհասարակ՝ մարդկանց հայացքն աշխարհին ու շրջապատին: «Մեր քաղաքական գործիչները, եթե սխալվեն ու հայտնվեն Գեղարքունիքի մարզի Փամբակ, Արեգունի, Ջիլ եւ մյուս սահմանամերձ գյուղերում, պետք է որ իրենց զգան գիտաֆանտաստիկ ֆիլմում՝ հայտնված մի ժամանակաշրջանից մի ուրիշի մեջ: Եվրոինտեգրացիայի մասին խոսելուց առաջ նախ Հայաստանի սահմանամերձ գյուղի մարդկանց Հայաստանին ինտեգրենք», - հորդորում է մեկնաբանը։

Հայացք նետելով մեր շուկայում դոլարի գլխապտույտ անկմանը, «Մեկ մեկ էլ լավ բաներ ընդօրինակեք» վերտառությամբ խմբագրականում «168 ժամ» թերթը շեշտադրում է. - «Ռուսաստանը, որից մենք ամեն ինչում ձգտում են օրինակ վերցնել, օգոստոսի 1-ից ռուբլին հայտարարեց ազատ փոխանակելի արժույթ: Այսինքն, օտարերկրյա գնորդները կարող են ռուսական ապրանքների դիմաց վճարել ռուբլով: Սա նպատակ ունի մեծացնել ռուբլու նկատմամբ պահանջարկը, բարձրացնել հեղինակությունը եւ, ինչո՞ւ ոչ, այն վերածել համաշխարհային փողի: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին՝ ռուբլու փոխարժեքը վերջին օրերի ընթացքում զգալիորեն բարձրացավ: «Զարմանալին այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ թե սկսեց գլուխ գովել, այլ տնտեսական բլոկի նախարարներին հորդորեց ծրագիր մշակել՝ ռուսական արտադրողներին օգնելու համար, քանի որ ռուբլու արժեվորումը վնասում է նրանց շահերին», - արձանագրում է մեկնաբանը եւ հավելում. - «Սա հենց այն է, ինչ բոլորը միաբերան փորձում են հասկացնել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին: Փերձերն առայժմ անհաջող են, իսկ դոլարը երեկ հասել էր 406 դրամի: Միգուցե դիմենք Պուտինի օգնությա՞նը: Նրա մոտ համոզելը, մանավանդ՝ հայ իշխանավորներին, լավ է ստացվում»:

«Տարիներ առաջ սկսված եկեղեցի կառուցելու մարմաջը, երբ ամեն մի օլիգարխ իր ապարանքի հարեւանությամբ մի հատ էլ եկեղեցի էր որոշում կառուցել, հիմա բարեբախտաբար նոր հուն է մտել», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը եւ ընդգծում. - «Հիմա մի տեսակ ուղղորդված է շարունակվում հայրենի եկեղեցաշինությունը։ Ներկայիս բոլոր եկեղեցիները կառուցվում են մեր միջնադարյան եկեղեցիների պատկերով եւ նմանությամբ՝ առանց հաշվի առնելու բուն ճարտարապետական խնդիրները։ Ավելի ճիշտ, նրանց գիգանտ տեսակն է կառուցվում»։ «Հոգեւորի պահանջմունքը մեզանում կա։ Բայց թե ինչո՞ւ է եկեղեցաշինությունը «շիրպատրեբի» հանգով ընթանում, դժվար է հասկանալ», - տարակուսում է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG