Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի մեջ Ղարաբաղը՝ որպես հակամարտության ուղղակի կողմ բանակցային գործընթացի մեջ ներգրավելու միտում տեսնելով, ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանտու Կիրո Մանոյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում, մասնավորապես, կարծիք է հայտնել, թե ադրբեջանական կողմը չպիտի հնարավորություն ունենա համաձայնագրի ստորագրումից հետո վիճարկելու Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հնարավորությունը՝ հանրաքվեին խոչընդոտելու, տապալելու, դրա արդյունքները անվավեր հայտարարելու կամ որեւէ այլ ճանապարհով։ Ըստ Մանոյանի. - «Եթե կողմերը համաձայնում են փաստաթղթի ստորագրումից 3 կամ 5 տարի հետո անցկացնել Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնող հանրաքվե, պիտի հստակ լինի, որ ցանկացած պատճառով այն չանցկացնելու դեպքում Ղարաբաղն ինքնաբերաբար դառնում է Հայաստանի մաս»։

«Ազգի»-ը, անդրադառնալով Մեթյու Բրայզայի Բաքվում արած հայտարարություններին, հետաքրքրական է համարել, որ ամերիկյան կողմը Լեռնային Ղարաբաղի համակամարտության կարգավորման հնարավորությունները 2007 թվականի առաջին կեսին բավականին բարձր է գնահատում։ «Սա առնվազն թեւաթափ համանախագահների կամ գոնե ամերիկյան կողմի բարձրաձայնումն է այն մասին, որ 2006 թվականը որպես «հնարավորության պատուհան» սպառում է իրեն որպես մոտեցում», - եզրակացրել է մեկնաբանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղին մենթալիտետից հրաժարումն է» վերնագրով հոդվածում «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը խնդրի կարգավորման իր դեղատոմսն է առաջարկել. - «Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել, ընդունելով միայն Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի՝ քաղաքակիրթ ժողովուրդներ ունենալու կանխավարկածը, ինչը ճանաչելուց հետո ԼՂ հարցի լուծման առաջին քայլը՝ այդ երկրի անկախության իրավունքն ընդունելն է։ Ընդ որում, ընդունելուց անմիջապես հետո պետք է սկսել երեք երկրների Եւրամիության անդամակցության շուրջ բանակցությունները։ «Այդ դեպքում կողմերից ոչ մեկը շահող կամ կորցնող դուրս չի գա, քանի որ Եւրամիությունը ենթադրում է նախ եւ առաջ ընդհանուր սահմաններ, կամ որ նույնն է՝ սահմանների բացակայություն», գրել է թերթի մեկնաբանն ու հավելել, թե «մինչեւ Լեռնային Ղարաբաի անկախության ճանաչելը ամեն ինչ պետք է անել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները փոխվեն եւ խմբում ընդգրկվեն բացառապես Եվրամիության անդամ, բայց կոնֆլիկտի նկատմամբ ծայրահեղ չեզոք երկրներ», - նշում է մեկնաբանը։

Նույն թերթը, ներքաղաքական նորագույն զարգացումներին անդրադառնալով, այսօր հիշեցրել է, թե ժամանակներ առաջ պաշտպանության նախարարը հարկ էր համարել ասել, որ ներքաղաքական կյանքում ամեն բան ընթանում է իր ծրագրերին համապտասխան։ Թերթի մեկնաբանը ակնհայտ է համարել, որ այդ ծրագրի հաջորդական բաղադրիչն է «Բարգավաճ Հայաստան»-ը, որի առընչությամբ «ծրագրավորողն» առանձնապես չի շտապում, սակայն, աչքաթող էլ չի անում, որպեսզի իր սկսածն ավարտին հասցնի։ «Իսկ որ ավարտին է հասցնելու նաեւ այդ նախագիծը՝ կասկածողներ դժվար թե գտնվեն», - պնդում է մեկնաբանը՝ ենթադրելով. - «Մոտ ապագայում «Բարգավաճ Հայաստան»-ը եւս կանցնի Սերժ Սարգսյանի տնօրինության տակ»։

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Առավոտ»-ում բանաձեւում է. -«Այն բոլոր հնարավորությունները, որոնցից պետք է օգտվեն ունակ բոլոր քաղաքացիները, այսօր բաժին են հասնում շատ փոքր մի խմբի: Բեւեռացում է գնում անգամ հնարավորությունների դաշտում։ Եվ սա է պատճառը, որ այսօր որոշ մարդիկ այդքան ինքնահիացմունքով են խոսում այն գործընթացի մասին, որը վկայում է կապիտալի, կառավարման համակարգի, ուժայինի եւ կրիմինալի սերտաճման մասին, մինչդեռ նորմալ երկրում դա պետք է խիստ անհանգստացներ»:

Նույն թերթը տեղեկացնում է, թե հայտնի դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը բողոքի նամակ է հղել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ Հայաստանի օրհներգի փոփոխության եւ նոր օրհներգի համար հայտարարված մրցույթի կապակցությամբ: «Առավոտ»-ի փոխանցմամբ. - «Լորիս Ճգնավորյանը մասնակցության հայտ է ներկայացրել օրհներգի մրցույթին՝ ուղարկելով ներկայիս հիմնի՝ «Մեր հայրենիք»ի փոքր-ինչ փոփոխված տարբերակը: Իր նամակում Ճգնավորյանը շեշտել է, թե «Մեր հայրենիք»֊ը ազգային-հեղափոխական երաժշտություն է եւ ունի հոյակապ ոգի ու սիրված է նաեւ օտարների կողմից: Դիրիժորը հույս է հայտնել, թե պատմության էջերը մրցույթներով չեն փոխվի»:

Իր հերթին, երաժիշտ Վահագն Ստամբոլցյանը «Հայոց աշխարհ»-ին է փոխանցել օրհներգի ընտրության շուրջ իր մտորումները, նախապատվությունը տալով Կոմիտասի «Հայաստան» ստեղծագործությանը։ Վերջինս, ըստ Ստամբոլցյանի, օրհներգի կատարյալ օրինակ է. - «Մեր դժվարին ու խառնակ ժամանակներում, երբ ճակատագրական պահեր ենք ապրում, հենց «Հայաստան»ի հանգույն օրհներգ է հարկավոր, որ համախմբի եւ ոգեւորի հայությանը», - շեշտել է հանրահայտ երգեհոնահարը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG