Մատչելիության հղումներ

Ըստ «Նուբարաշեն» հիմնարկի ղեկավարի, փախուստի փորձի դիմած կալանավորներն ընդամենը զրկված են «զվարճանքի պարագաներից»


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Արամ Սարգսյանը հերքեց տեղեկությունները, թե հուլիսի 24-ին հիմնարկից փախուստի փորձ կատարած եւ այնուհետեւ հացադուլ հայտարարած չորս կալանավորներն իրենց պատիժը կրում են անմարդկային պայմաններում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա վստահեցրեց, որ կալանավորներն ընդամենը զրկված են «զվարճալիքի պարագաներից»՝ ռադիոյից, հեռուստացույցից, մագնիտոֆոնից եւ այլն: Ըստ Սարգսյանի, չեն եղել նաեւ ծեծ եւ խոշտանգումներ:

«Նրանք հիմա պատժախցային պայմաններում են պահվում: Նրանց տրված են նաեւ անկողնային պարագաներ՝ հաշվի առնելով, որ մի քանի օր հացադուլի են եղել, եւ բացառված չէ, որ հյուծված լինեն: Զվարճանքի պարագաները՝ հեռուստացույց, ռադիո եւ այլն, խցերից հանված են»,- նշեց քրեակատարողական հիմնարկի ղեկավարը եւ հավաստիացրեց, որ որեւէ այլ բանից կալանավորները զրկված չեն: Հիմա, երբ հացադուլը դադարեցվել է, կալանավորներին հասնում է «նույն ճաշը, ինչ բաժանում են բոլորին», ջրից երբեք զրկված չեն եղել. «Այսինքն, լրացուցիչ ձեւեր, մեթոդներ, որպեսզի նրանց թե հոգեկան առումով եւ թե ֆիզիկական առումով ցավ պատճառվի, չեն կիրառվել: Ի՞նչ խոշտանգման մասին է խոսքը»:

Սարգսյանը հայտնեց, որ առաջիկա տասն օրվա ընթացքում հիշյալ կալանավորները հանձնուք չեն ստանա, ինչպես նաեւ կզրկվեն տեսակցության հնարավորությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ահազանգ էր ստացել, որ Նուբարաշենում փախուստի փորձ կատարած կալանավորներին լավ չեն վերաբերվում, ինչի արդյունքում Պաշտպանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն այցելել էր քրեակատարողական հիմնարկ: Կալանավորները Պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել էին, որ զրկված են նվազագույն պայմաններից, այդ թվում լույսից, բաժակից, հիգիենայի պարագաներից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Գրիգորյանի փոխանցմամբ՝ այցելության ժամանակ իրենք իսկապես պարզել են, որ դատապարտյալների գանգատները համապատասխնում են իրականությանը: «Սենյակում նրանք ոչինչ չունեին, բացի մահճակալներից, անգամ ջրի համար մեկ բաժակ չունեին»,- փաստել է Գրիգորի Գրիգորյանը: Ինչ վերաբերում է խոշտանգումներին, ապա նման բան, ըստ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցչի, իրենք չեն արձանագրել:

Այցելությունից հետո օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները
բանավոր առաջարկներ են ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որպեսզի դատապարտյալները անհապաղ բժշկական հետազոտության անցնեն, զբոսանքի հնարավորություն ունենան:

Գրիգորի Գրիգորյանն ասաց, թե իրենք առաջիկայում ծրագրում են եւս մեկ անգամ այցելել այս հիմնարկը, եւ եթե այդ ընթացքում ոչինչ չփողվի, օրենքով սահմանված կարգով իրենք կդիմեն արդարադատության նախարարություն:

Սակայն, հիմնարկի ղեկավար Արամ Սարգսյանի վկայությամբ՝ բանտախցում կարգն այնպիսին է, որ ավելորդ պարագաներ չեն թույլատրվում:

Ինչ վերաբերում է դատապարտյալների ընդհանուր վիճակին, ապա Արամ Սարգսյանն ասաց, թե վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հիմնարկում էական բարեփոխումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, դատապարտյալներին հնարավորություն է տրվել առնվազն տարին մեկ անգամ երկարատեւ հանդիպում ունենալ իրենց կանանց ու երեխաների հետ, ընդ որում այդ հանդիպումը մինչեւ 3 օր կարող է տեւել: Դրա համար դատապարտյալներին հատուկ սենյակ է տրամադրվում` խոհանոցով, ննջարանով եւ լոգարանով: Բացի այդ, դատապարտյալները սկսել են սովորել համակարգիչ եւ անգլերեն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG