Մատչելիության հղումներ

Ռոստովի հայ համայնքը դատապարտում է Սուրբ Խաչ տաճարի պղծումը


Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Խաչ տաճարի պղծումը եւ տաճարում գտնվող Ռուս-հայկական բարեկամության թանգարանի հրկիզման փորձն են դատապարտել Դոնի Ռոստովի հայ մտավորականության ներկայացուցիչները:

Օգոստոսի 1-ին Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում այդ առթիվ հավաք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը դատապարտել է այդ բարբարոսական ակտը եւ ընթերցել քաղաքային եւ մարզային իշխանություններին, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին ուղղված դիմումը, որում կոչ է արվում հայտնաբերել եւ պատժել մեղավորներին:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվության համաձայն, Հուշարձանների պահպանության Ռոստովի տարածաշրջանային ընկերության նախագահ Ալեքսանդր Կոժինը «սարսափեցնող փաստ» է համարել 18-րդ դարի պատմական հուշարձանի պղծումը: Նա ընդգծել է, որ Սուրբ Խաչ տաճարը դաշնային նշանակության հուշարձան է եւ 18-րդ դարի միակ ճարտարապետական հուշարձանը Ռոստովի մարզի տարածքում:

Հուլիսի լույս 31-ի գիշերը անհայտ անձինք պղծել էին Սուրբ Խաչ տաճարը եւ փորձել հրդեհել այն: Չկարողանալով թափանցել ներս՝ նրանք փշրել էին լուսամուտների ապակիները, կոտրել եւ այրել հինգ մետաղապլաստիկե պատուհանները եւ բակում՝ ասֆալտի վրա թողել հետեւյալ բովանդակությամբ գրություններ՝ «Եկել է սպիտակ արդարադատությունը», «Ռուսաստանը ռուսների համար է», «Խփի’ր խաչիկներին» եւ այլն: Թեեւ փորձագետների կարծիքով, կատարվածը սքինհեդների ձեռքի գործն է, իրավապահ մարմիններն առայժմ վարկածներ առաջ չեն քաշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG