Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը կրկին հետաձգել է դեսպան Հոգլանդի թեկնածության հաստատումը


Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձանժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման հարցը: Հոգլանդի թեկնածությունը մայիսին առաջադրել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը: Հոգլանդը պետք է փոխարինի ներկայիս դեսպան Ջոն Էվանսին, որի հետկանչի հանգամանքը քաղաքական շրջանակներում կապում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված նրա հայանպաստ մեկնաբանության հետ:

Լսումները հետաձգելու համար անհրաժեշտ էր սենատորներից գոնե մեկի առաջարկը: Առաջարկով հանդես եկան ամենաբարձրաստիճան դեմոկրատ սենատորն Ջոզեֆ Բայդենը եւ Ջոն Քերին՝ իրենց մտահոգությունները հղելով հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարին: Բայդենը ասաց, թե նման առաջարկով հանդես գալու կոչով իրեն է դիմել մի քանի սենատոր:

«Երեքշաբթի օրվա լսումների արդյունքը մի նոր հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգների վարչակազմին՝ վերանայելու ցեղասպանությունը այլ բառերով որակելու քաղաքականությունը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին. - «Սենատորներն են, որ պետք է օգոստոսի ընթացքում շարունակեն հարցադրումները, որպեսզի տեսնենք՝ ու՞ր ենք հասնելու մինչեւ սեպտեմբեր»:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի կարծիքով՝ «հետաձգումը նշանակում է, որ մտահոգություններ կան սենատորների շրջանում՝ Էվանսի պաշտոնազրկման, Հայոց ցեղասպնության շուրջ ԱՄՆ-ի կեցվածքի, թեկնածու Հոգլանդի՝ ցեղասպանության մասին արտասանած խոսքերի վերաբերյալ»:

Նրա համոզմամբ, հաջորդ նիստը հետաձգել այլեւս չի հաջողվի, այս ընթացքում սենատորները պետք է սպանան հստակեցումներ, պատասխաններ, որոնց հիման վրա պետք է Հոգլանդի թեկնածության շուրջ որոշում կայացնեն:

«Եթե թեկնածու Հոգլանդը իր տեսակետը չպարզաբանի, չհրաժարվի Հայոց ցեղասպանությունը մերժող խոսքերից, նա չպետք է նշանակվի Միացյալ Նահանգների դեսպան Հայաստանում», - պնդում է Էլիզաբեթ Չուլջյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG