Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ամրագրում է Հայաստանի եւ Վրաստանի «եվրոպական ձգտումները»


Եվրամիության անդամ պետությունները համաձայնել են լրացուցիչ մի ձեւակերպում ընդգրկել Եվրամիության «Նոր հարեւանության» գործողությունների ծրագրում: Եվրամիությունը նկատի է առնում, որ Վրաստանը եւ Հայաստանը արտահայտել են իրենց եվրոպական ձգտումները, ահա այս նոր ձեւակերպումը պետք է ավելացվի գործողությունների ծրագրում, որը ամենայն հավանականությամբ կընդունվի հոկտեմբեր ամսին: Այս մասին հաղորդում է EU Observer անկախ ինտերնետային կայքը:

Ըստ փորձագետների եւ դիվանագետների, այս նախադասությունը կարող է մեկնաբանվել տարբեր կերպ: Օրինակ, Եվրամիության նախագահող երկրի՝ Ֆինլանդիայի մի պաշտոնյա ասում է, որ այս նախադասությունը դեռեւս չի նշանակում, որ Եվրամիությունը խոսում է ընդարձակման մասին: Ձգտումները կարող են վերաբերել թե Եվրամիության անդամությանը, թե եվրոպական արժեքներին:

Սակայն, ինչպես հաղորդում է EU Observer-ը, Հարավային Կովկասի երկրները այս նախադասությունը մեկնաբանում են իբրեւ մեկ քայլ առաջ դեպի շատ սերտ եվրաինտեգրում՝ 10-15 տարվա ընթացքում անդամության հեռանկարով: «Սա նշանակում է, որ Հայաստանը հարգում է եվրոպական արժեքները քաղաքական եւ տնտեսական ոլորտում, բայց անդամությունը մեր վերջնանպատակն է», - EU Observer-ին հայտնել է անանուն մի հայ դիվանագետ:

Գործողությունների ծրագրի նախագծում եւս մի նորույթ է ավելացվել: Այն հնարավորություն է ընձեռում Հայաստանին եւ Վրաստանին միանալ արտաքին եւ անվտանգության քաղաքականության տարբեր թեմաներով Եվրամիության կողմից հռչակված հայտարարություններին: Ի դեպ, Ֆրանսիայի դեսպանը դեմ է եղել այս լրամշակմանը, ասելով, թե Եվրամիությունը կկորցնի իր հետեւողականությունը արտաքին քաղաքական հարցերում: Սակայն անցած չորեքշաբթի օրը քննարկումներից հետո, ի վերջո, Եվրամիության անդամ երկրները համաձայնել են ընդունել այս երկու լրամշակումները:

Եվրամիության գործողությունների ծրագիրը Ադրբեջանի համար նման բան չի նախատեսում: Ադրբեջանը հնարավորություն չի ստանում միանալ Եվրամիության արտաքին քաղաքական հայտարարություններին եւ Ադրբեջանի եվրոպական ձգտումները նկատի չեն առնվելու Եվրամիության կողմից: Պատճառն այն է, որ Ադրբեջանը նման դիմում չի ներկայացրել եւ չի խնդրել, որ գործողությոնների ծրագրի իրեն վերաբերող տեքստում նման նախադասություն ընդգրկվի: Այսինքն՝ Ադրբեջանը Եվրամիությանը միանալու ցանկություն չի հայտնել:

Այս նախադասության նշանակության մասին կարող է վկայել այն, որ Ուկրաինան ամեն կերպ փորձում է նման մի նախադասություն ավելացնել իր գործողությունների ծրագրում, բայց առայժմ Եվրամիությունը չի համաձայնում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG