Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նոր օրհներգի ավելի քան ութ տասնյակ տարբերակ է ներկայացվել


Այսօր ժամը 17:00-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի համար հայտարարված մրցույթին հայտեր ներկայացնելու ժամկետը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց մշակույթի եւ երիտասարդության նախարարության լրատվության վարչության ղեկավար Գայանե Դուրգարյանը, ժամը 16:00-ի դրությամբ եւս մարդիկ դեռ բերում էին իրենց տարբերակները. «Արդեն ունենք 80 տարբերակ, 80 հայտ, եւ բերում են հայտարարությունում նշված բոլոր չորս տարբերակները՝ ե’ւ երաժշտություն, ե’ւ բառեր, ե’ւ նոր երաժշտություն, ե’ւ նոր բառեր: Կա նաեւ ներկայիս օրհներգի տարբերակը՝ գործող օրհներգի երաժշտության վրա նոր խոսքեր»:

Նա հայտնեց նաեւ, որ մոտ օրերս հանձնաժողովը կգումարի իր նիստը, եւ արդյունքներն անմիջապես կհրապարակվեն:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած 22-հոգանոց մրցութային հանձնաժողովի կազմում են մի շարք անվանի երաժիշտներ՝ Էդվարդ Միրզոյան, Հովհաննես Չեքիջյան, Արամ Ղարաբեկյան, բանաստեղծներ՝ Սիլվա Կապուտիկյան, Ռազմիկ Դավոյան, Դավիթ Հովհաննես, արվեստաբաններ եւ այլք:

Թեեւ միայն մի քանի օրից պարզ կդառնա, թե ովքեր եւ ինչ հայտեր են ներկայացրել մրցութային հանձնաժողովին, սակայն արդեն իսկ հայտնի է, որ ժամանակակից լավագույն հայ կոմպոզիտորները՝ Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երզնկյանը եւ ուրիշներ, ներկայացրել են նոր օրհներգի իրենց տարբերակները: Նրանցից առայժմ միայն Ռոբերտ Ամիրխանյանն է հնչեցրել էր իր գրած օրհներգը՝ դեռ մայիսին ԵՊՀ-ում կազմակերպած համերգում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG