Մատչելիության հղումներ

logo-print

Սենատի հանձնաժողովը կարող է քննարկել Հայաստանում նոր դեսպանի թեկնածության հարցը


Այսօր ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձանժողովում կարող է քննարկվել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը վավերացանելու հարցը: Հոգլանդի թեկնածությունը մայիսին առաջադրել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը: Հոգլանդը պետք է փոխարինի ներկայիս դեսպան Ջոն Էվանսին, որի հետկանչի հանգամանքը քաղաքական շրջանակներում կապում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայանպաստ մեկնաբանության հետ:

Մեկ ամիս առաջ Ռիչարդ Հոգլանդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արդեն պատասխանել էր օրենսդիրների հարցերին, եւ ասելով, որ իրականացնելու է ԱՄՆ-ի քաղաքականությունը, փաստորեն, նկատել է տվել, որ հակված չէ 1915 թվականը անվանել ցեղասպանություն:

«Հնարավոր է, որ սենատորները որոշեն չքննարկել այս հարցը, մինչեւ հավելյալ տեղեկություններ ստանան պետդեպարտամենտից եւ թեկնածու Հոգլանդից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

Նրա խոսքերով, նախորդ լսումների ժամանակ Ռիչարդ Հոգլանդի պատասխանները Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին մտահոգիչ էին, այդ պատճառով Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ չի պաշտպանի Հոգլանդի թեկնածությունը, մինչեւ նա չպարզաբանի իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի, այս դիրքորոշմանը տեղյակ են Սենատի արտաքին հարաբերությունների հանձանժողովում:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի կարծիքով՝ «Չի բացառվում, որ սենատորները որոշեն Հոգլանդի թեկնածության հաստատումը առկախել եւ հարցը քննարկել հաջորդ նիստում, որը, հավանաբար, տեղի կունենա սեպտեմբերին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG