Մատչելիության հղումներ

Համլետը նաեւ հայերեն է խոսում


Առաջին անգամ Մուրադ Ջանիբեկյանը ստացավ Նյու Յորքի կինոփառատոնի մրցանակը որպես լավագույն դերասան՝ Համլետ խաղալու համար, իսկ անցյալ տարի հոկտեմբերին ստացավ նաեւ Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցանակը՝ որպես լավագույն ռեժիսոր: Մրցանակը, սակայն, միայն այժմ է հասնում ռեժիսորին, քանի որ նա ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացավ մեկնել մրցանակաբաշխությանն ու հանդիսավոր կերպով ստանալ այն: Այժմ մրցանակը վերջապես Երեւանում է:

«Ֆիլմը փառատոնի ներկայացրել ենք` նույնիսկ չմտածելով, որ հնարավոր է նկատեն»,- ասում է Մուրադ Ջանիբեկյանը:

Ռեժիսորը ֆիլմը ներկայացրել էր նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, սակայն այն, Ջանիբեկյանի համար անհասկանալի պատճառներով, չի ընդունվել:

«Համլետ» ֆիլմը նկարահանվել է երկու տարվա ընթացքում, սակայն ռեժիսորն ասում է, որ Համլետին իր մեջ զգացել է 20 տարեկանից: «Ամբողջ կյանքիս ընթացքում այդ կերպարը եփվել է իմ մեջ, եւ հիմա այն վերջապես դրսեւորվեց», - ասում է Մուրադ Ջանիբեկյանը:

Ֆիլմում Ջանիբեկյան - Համլետը խոսում է հայերեն, այնուհետեւ սահուն անցում է կատարում հին անգլերենի, այնուհետեւ կրկին խոսում հայերեն: Բացի այդ, ֆիլմում գրեթե բացակայում են այլ կերպարների խոսքերը, ու նրանց բոլորի փոխարեն խոսում է Համլետը: «Նա պարզապես միակ մարդն է, որ ունի ասելիք»,- ասում է Մուրադ Ջանիբեկյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG