Մատչելիության հղումներ

Արձանագրված հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է


Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 434-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. ընդհանուր առմամբ` 4823 հանցագործություն:

Անցյալ տարվա համեմատ, ավելի քան երկու անգամ ավելացել է բացահայտված թմրամոլության դեպքերի թիվը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 209-ի փոխարեն կազմելով 477 դեպք: Նույն պատկերն է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակագրության առումով. անցյալ տարի գրանցվել է 137, այս տարի արդեն՝ 279 դեպք:

Այսօր հրավիրած ասուլիսում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ասաց, թե սա, ենթադրաբար, միայն չնչին մասն է այս ոլորտի իրական պատկերի:

Առանձին ուշադրության են արժանի կաշառակերության դեմ պայքարում գլխավոր դատախազության հաջողությունները. կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում երկու անգամ ավելի շատ դեպք է բացահայտվել, քան անցյալ տարվա նույն ժամականաշրջանում: Այս ցուցանիշը հուսադրող կլիներ, եթե ներկայացված չլինեին բացարձակ թվերը՝ անցյալ տարի գրանցվել է կոռուպցիայի 5, այս տարի 11 դեպք:

«Նշեցի, որ այս տարի փաստորեն 103 տոկոսով մենք աճ ունենք թմրամոլության վերաբերյալ հանցագործությունների», - այս կապակցությամբ ասաց Հովսեփյանը: - «Բայց մենք գիտենք, որ դա մոտավորապես մի չնչին տոկոսն է կազմում: Նույնը կարող եմ ասել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ եւ հատկապես՝ կաշառակերության: Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք այս բնագավառում»:

Ավելացել է ծանր հանցագործություների թիվը: Մասնավորապես, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ, անցյալ տարվա 32 հանցագործության փոխարեն, այս տարի կատարվել է 50-ը, նախորդ տարվա 24 սպանության փոխարեն այս տարի տեղի է ունեցել 38-ը: Այդուամենայնիվ, Աղվան Հովսեփյանի կարծիքով, համեմատության մեջ իրավիճակը այնքան էլ սուր չէ:

«Եթե համեմատենք ԱՊՀ երկրների հետ, եվրոպական շատ երկրների հետ, հանցավորության մակարդակը էապես ցածր է, եւ սա մեր հասարակության ձեռքբերումն է: Բարվոք վիճակում է գտնվում նաեւ հանցագործությունների բացահայտումը»:

«Այս տարի մենք ունենք ծանր հանցագործությունների աճ՝ հատկապես սպանության գործերով եւ սպանության փորձերով», - այդուհանդերձ հավելեց գլխավոր դատախազը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Ստեփան Զատիկյանի սպանության գործի քննության մասին հույս հայտնելով, որ գործը կբացահայտվի. - «Տուժողի անձը շատ ակտիվ է: Ակտիվ գործունեություն է ծավալել՝ կապված ե’ւ իր պաշտոնական դիրքի հետ, ե’ւ հասարակական առումով, ե’ւ բիզնեսի առումով... Սրա հետ կապված՝ բազմաթիվ վարկածներ են առաջադրվել [Զատիկյանի սպանության] քրեական գործով»:

Ասուլիսում ներկայացված վիճակագրության համաձայն, 25 տոկոսով նվազել է զորակոչից խուսափելու հետ կապված հանցագործությունների թիվը, 11 տոկոսով՝ պետական եւ հանրային գույքի հափշտակության հետ կապված հանցագործությունների թիվը:

22 տոկոսով նվազել է պետական իշխանության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, 21 տոկոսով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունների հետ կապված հանցագործությունների թիվը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG