Մատչելիության հղումներ

Քաղավիացիայի գլխավոր վարչությունը գտնում է, որ աղետի հանգեցրած բուն սխալը «դեռ պետք է պարզվի»


Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հակված է համաձայնելու Միջպետական ավիացիոն կոմիտեի նախնական եզրակացությանը, որ մայիսի 3-ին Սոչիի մոտակայքում տեղի ունեցած աղետի պատճառը եղել է մարդկային գործոնը, բայց թե կոնկրետ որ մակարդակում է աղետին հանգեցրած բուն սխալը՝ «դեռ պետք է պարզվի»:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր մի անգամ եւս հիշեցրեց, որ Երեւան - Սոչի տվյալ չվերթի մոդուլյացիան՝ Թուլուզում, ցույց է տվել մի բան, որի պատասխանը դեռեւս չունի հանձնաժողովը. ամբողջ ընթացքում՝ կայուն, նորմալ թռիչք, օդանավը կատարում է հրահանգները, եւ հանկարծ՝ աղետից 17-20 վայրկյան առաջ «օդաչուի գործողությունները դարձել են այնպիսին, որ բերել են օդանավը անկայում վիճակի»:

Միջպետական ավիացիոն կոմիտեի ռուս մասնագետները հակված են կարծելու, որ օդաչուները կորցրել են տարածության մեջ կողմնորոշվելու զգացողությունը, հայ մասնագետները դա ապացուցված չեն համարում:

Աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի հետաքննությունն ավարտված է, 60 օրում կողմերը պետք է ծանոթանան 74 էջանոց նյութերին, ստորագրեն: Կարող են եւ դիտողություններ ու առաջարկներ, հատուկ կարծիքներ ներկայացնել:

Միջպետական ավիացիոն կոմիտեի՝ հուլիսի 26-ին հրապարակած հաղորդագրության մեջ արձանագրված է, որ որոշակի սխալներ է թույլ տվել նաեւ դիսպետչերը:

Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցների հաստատակամ պնդումներին, թե «մեղավորն օդանավի անձնակազմն է», Արտյոմ Մնացականյանը փոխանցեց, որ կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան էլ երեկ իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ իր հանձնաժողովը մեղավորներին որոշելու իրավունք չունի եւ այդպիսի բան չի էլ արել:

Երեկ ուշ երեկոյան միջպետական ավիացիոն կոմիտեն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որում ծանուցում է այդ մասին՝ հավելելով, որ մեղավորության ու պատասխանատվության չափը որոշելն իրավապահների գործն է, եւ դա հանձնաժողովի աշխատանքից անջատ գործընթաց է:

Կոմիտեն հայտարարում է նաեւ, որ իր վրա որեւէ քաղաքական ճնշում չի եղել ո’չ Ռուսաստանի, ո’չ Հայաստանի, ո’չ էլ Ֆրանսիայի կողմից:

Օդանավի անձնակազմի գործողությունների հետ կապված որեւէ հիշատակում այս հայտարարության մեջ չկա: Այն ավարտվում է պնդմամբ, որ Սոչի քաղաքի օդակայանը լիովին համապատասխանում է նորմատիվային պահանջներին ու միջազգային չափանիշներին:

Քաղաքական նկատառումները բացառեց նաեւ Հայաստանի քաղավիացիայի ղեկավարը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG