Մատչելիության հղումներ

Այսօր վրդովված դիմորդներից մեկի «վերջին հույսը» մնացել էր կրթության եւ գիտության նախարարին հանդիպելը. վիճահարույց տողադարձի պատճառով նա զրկվել էր 20 միավորից եւ ստացել 19,5: Պարզապես ՝ «փայլփլուն» բառը տողադարձելիս գրել էր գաղտնավանկի «ը»-ն, ինչպես տարիներ շարունակ ամրագրված է դասագրքերում: Պարզվեց, որ Յուրի Ավետիսյանի գլխավորած հանձնաժողովը այդ տարբերակը ճիշտ չի համարում, թեեւ, ըստ «Դիմորդ» ձեռնարկի եւ մեթոդական ուղեցույցների՝ երկու տարբերակն էլ ընդունելի են:

Մեկ այլ դիմորդի էլ զրկել էին կես միավորից՝ հրամայական նախադասության մեջ հրամայականի շեշտն օգտագործելու համար, մեծ զարմանք պատճառելով ոչ միայն դիմորդին, այլեւ նրա ծնողին, որն ամենեւին էլ լեզվի մասնագետ չէր, բայց տարրական դասարաններում անցել էր այս կանոնը: Սակայն եթե այս դիմորդի «բախտը բերեց», եւ հանձնաժողովն ընդունեց իր սխալը, միավորը բարձրացնելով մինչեւ 18, ապա տողադարձի դեպքում դիրքորոշումն անփոփոխ էր:

Յուրի Ավետիսյանը «Մաքս Լիբերթի»-֊ի հետ զրույցում պնդեց, որ ինքը «հավատարիմ է տերմինաբանական կոմիտեի վերջին որոշմանը, որն ամրագրվել է նախարարի՝ 2003 թվականի հրամանով»: «Լեզվի կանոններն էդպիսին են», - պարզաբանեց Յուրի Ավետիսյանը,֊ - «պետք է առաջնորդվենք դրանցով, խիղճը լավ բան է, բայց հո խղճով չե՞նք գնահատելու»:

Փաստորեն հանձնաժողովները զանգվածաբար խախտում են քննական մարաթոնի սկզբում տված այն խոստումները, թե երկձեւությունների պարագայում միավորը պետք է հաշվեին հօգուտ դիմորդի: Ի դեպ, նախորդ տարիների հանձնաժողովների որոշ նախագահներ մեզ հետ զրույցներում նման խոստումները ի սկզբանե որակել էին մեկ բառով՝ «միֆ», քանի որ, ըստ նրանց, քննական տոմսերում այդ վիճելի տարբերակների առկայությունը ամենեւին էլ պատահական չէ: Նրանց համոզմամբ՝ սա «վերեւներից» եկող կարգադրություն է, որի նպատակը «պատահական» դիմորդի գրած տարբերակը սխալ համարելն է: Իսկ դա օգտագործվում է որպես ընդունելության շեմը վերահսկելու եւ մրցույթը կարգավորելու մեխանիզմ, որպեսզի «պատահական» բարձր միավորներ հավաքողները հանկարծ չխանգարեն «ծանոթ» դիմորդներին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG