Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետները առաջարկում են Կովկասում ռադար տեղակայել


«Ջեյնս Դիֆենս Ուիքլի» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության մասնագետներն ասում են, թե Կովկասում նպատակահարմար է տեղակայել Իրանից արձակվող հրթիռների մոնիտորինգն իրականացնող ռադարներ:

Վերջերս Միացյալ Նահանգներում հրապարակվել է ռադարների տեղադրման համար Եվրոպայի եւ Արեւելյան Ասիայի առավել հարմար երկրների ցանկը: Ըստ «Ջեյնս Դիֆենս» շաբաթականի, դրանում կա նաեւ կովկասյան մի երկիր:

Նշելով, որ երկրի անունը չի հաղորդվում, պարբերականը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները Կովկասում սերտ համագործակցում է Վրաստանի հետ, իսկ Ադրբեջանն էլ սահման ունի Իրանի հետ: Փոքրիկ արդիական ռադար տեղակայելով Կովկասում՝ Միացյալ Նահանգներն էական առավելություն կստանա Իրանի գործողությունները հսկելու հարցում: Հակահրթիռային պաշտպանության գործակալության խոսնակ Ռիք Լեները «Ջեյնս Դիֆենս Ուիքլի»-ին ասել է, թե «մասնագետները կցանկանային, որ ռադարը տեղադրվի որքան հնարավոր է մոտ Իրանի տարածքին»:

«Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը տեխնիկական ֆունկցիա ունի, որոշումներ չի կայացնում, մենք սոսկ մեր կարծիքն ենք հայտնել ռադարների տեղակայման լավագույն տարբերակների մասին, սակայն դա չի նշանակում, թե սարքավորումներն անպայման կտեղադրվեն նշված վայրերում», - ասել է Լեները:

Պենտագոնի փորձարկումների բաժնի նախկին տնօրեն Ֆիլ Քոյլն ասել է, թե ըմբռնում է գործակալության մասնագետների դիրքորոշումը եւ միանգամայն տրամաբանական է համարում ռադարները Կովկասում տեղակայելու գաղափարը:

«Տեխնիկական տեսակետից հասկանալի է, թե ինչու են նրանք ցանկանում այնտեղ տեղադրել սարքավորումները, եթե Իրանը փորձելու է հրթիռներ արձակել Եվրոպայի կամ Ամերիկայի ուղղությամբ, ճիշտ կլինի այնտեղ կայան ունենալ», - ասել է Քոյլը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG