Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Հըզբոլահ»-ը կապված է Իրանի հետ»


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հինգշաբթի օրը խուսափել է Իսրայելին քննադատելուց եւ սուր մեղադրանքներ է ներկայացրել Իրանին:

«Հըզբոլահ»-ն է առաջինը գրոհել ընդդեմ Իսրայելի, եւ գիտեմ, որ «Հըզբոլահ»-ը կապված է Իրանի հետ», - Սպիտակ տանը Ռումինիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է Ջորջ Բուշը՝ ավելացնելով, թե «աշխարհը այժմ պարտավոր է հակազդել այդ վտանգին»:

Նախագահ Բուշը նաեւ կոչ է արել Իսրայելին՝ «զսպել քաղաքացիական թիրախների նկատմամբ ճնշումները»՝ ավելացնելով, թե Իսրայելի այդ մարտավարությունը ստանում է իր աջակցությունը, քանի որ այն ուղղված է «Լիբանանում «Հըզբոլահ»-ի ներգործությունը վերացնելուն եւ Իսրայելի դեմ հարձակումներ իրականացնելու՝ «Հըզբոլահ»-ի կարողությունները սահմանափակելուն»:

«Այս խնդիրի գլխավոր պատճառը ահաբեկչությունն է: Ահաբեկչական խմբերը, որոնք փորձում են կանգնեցնել ժողովրդավարության առաջխաղացումը», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Մյուս կողմից, ահաբեկչական նոր հարձակումներով է սպառնում Ալ Ղաիդան՝ փորձելով Իսրայելին դնել երկու ճակատով պատերազմելու վտանգի առջեւ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուսամա Բին Լադենի տեղակալ Այման Ալ Զավահիրին:

«Ես չեմ զարմանում, որ այժմ հանդես են գալիս ահաբեկչական ռազմավարություն ունեցող անձինք: Նրանց նմանները, որոնք ապրում են աշխարհի հեռավոր շրջաններում, ցանկանում են հրահրել անմեղ մարդկանց սպանություններ, եւ Միացյալ Նահանգները հաստատակամորեն կանգնած է Զավահիրիի նմանների դեմ», - նշել է Ջորջ Բուշը:

Փորձագետների կարիքով, այս ճգնաժամում ԱՄՆ-ը մեկուսանում է իր վաղեմի դաշնակիցներից, որոնք ցանկանում են ստեղծել անհապաղ հրադադարի պայմաններ: Վաշինգտոնը ցանկանում է Սիրիայի եւ Իրանի աջակցությունը ստացող «Հըզբոլահ»-ին թուլացնելու համար Իսրայելին տալ ավելի երկար ժամանակ:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG