Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «ՀԿԺ-ն պատրաստ կլինի միայնակ մասնակցել ընտրություններին»


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ, խորհրդարանական ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի պնդմամբ, իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ կլինի միայնակ մասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Մենք կհամագործակցենք ընդդիմադիր ուժերի հետ, չեն բացառվում նաեւ դաշինքներ, բայց միանշանակ՝ ՀԺԿ-ն պատրաստ կլինի միայնակ մասնակցելու ընտրություններին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Ստեփան Դեմիրճյանը՝ հավելելով. - «Իսկ ենթադրությունները իշխանական կուսակցություններից որեւէ մեկի հետ դաշինք կազմելու մասին պարզապես հիմանզուրկ են»:

ՀԺԿ առաջնորդը վստահ է, որ ազնիվ պայքարի դեպքում ընտրություններում կհաղթի ընդդիմությունը, սակայն «հասարակությունը այլեւս չի հավատում ազատ, արդար ընտրությունների հնարավորությանը»:

Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե 2007-ի ընտրությունները լավագույնն են լինելու Հայաստանում՝ ՀԺԿ նախագահը ասաց, թե իշխանությունները ընտրությունները կեղծելու «հարուստ փորձ ունեն» եւ «բնականաբար, այդ փորձը կրկնելու հարմար առիթը բաց չեն թողնելու»:

«Լուրջ չի կարելի դրան վերաբերել, որովհետեւ մենք տեսանք, թե ինչ կատարվեց 2003 թվականին... Եվ այդպես էլ որեւէ կեղծարար մինչ օրս պատասխանատվության չենթարկվեց», - ասաց Դեմիրճյանը՝ շարունակելով. - «Առհասարակ, այն ուժերը, որոնք պատասխանատու են կեղծիքների համար, այսօր չեն կարող խոսել ընտրությունների մասին»:

«Սկզբունքորեն մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք իրոք պայքարելու են ազատ, արդար ընտրությունների համար, եւ որոնք մինչեւ հիմա չեն կեղծել ընտրություններ», - հայտարարեց նա:

Դեմիրճյանը նաեւ կտրականապես հերքեց մամուլի հրապարակումները, թե իշխանությունները «բարեհաճ» վերաբերմունք են ցուցաբերում իր մտերիմների նկատմամբ՝ ընձեռելով շահութաբեր բիզնեսով զբացվելու հնարավորություն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG