Մատչելիության հղումներ

Արա Սահակյանի համոզմամբ, Ղարաբաղի հարցի լուծման համար հարկավոր է «իշխանության եւ հասարակության միասնություն»


Հայաստանի նախկին ղեկավարներից Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանի կարծիքով, հայաստանյան ներկա իշխանությունը «իր ներսում բանավեճ չունի»:

«Իշխանությունը միաձույլ է եւ այս իմաստով իշխանությունը իր ներսում բանավեճ չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Սահակյանը: - «Մյուս կողմից այսօր իշխանությունը կարիքը չի զգում հասարակական աջակցության: Նա ուզում է զուտ ինքնահզորացման [միջոցով], արհեստականորեն հզորանալով՝ առնական ներկայանալ: Ներկայանալ մի ուժ, որը կարող է ինքնին որոշումներ ընդունել... Իրականում փլուզվելու է այդ թղթե տնակը»:

Այդ «տնակը» փլուզվելու է, քանի որ Ղարաբաղի հարցը, ասենք, առանց հասարակության աջակցության հնարավոր չէ լուծել:

«Մենք ինքներս էլ՝ որպես իշխանություն, բարդ շրջանում էինք իշխանավարել: Բայց բոլոր մարդիկ՝ մեծից փոքր, այսօր գիտեն, որ այս իշխանությունը պարտավոր է Ղարաբաղի հարցը մի կարգ ավելի բարձր ու երաշխավորված լուծել, քան 98-ին փորձում էին «պարտվողական» հռչակվածները», - ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը՝ հավելելով, որ իրականում բանավեճը կրկին ղարաբաղյան կարգավորման ուղիների շուրջ է: - «Եվ իշխանությունը, որքան էլ այն ուժեղ լինի կամ ուժեղ ձեւանա, միայնակ չի կարող [լուծել այն]: Տվյալ դեպքում իշխանության եւ հասարակության միասնություն է հարկավոր: Իշխանությունը ցանկանում է ուժեղանալ եւ ուժեղ ձեւանալ, որպեսզի կոմպենսացնի հասարակական աջակցության պակասը կամ բացակայությունը»:

«1997 աշնանը կար բանավեճ: Այսօր բանավեճ չկա. կա քարոզչություն: Այսօր իշխանությունը փորձում է առանց բանավեճի, առանց առարկությունները լսելու, ներկայացնել իր տեսակետը», - շարունակեց Սահակյանը:

Այսօրվա իշխանությունները նման չեն անգամ իրենք իրենց՝ 1998 թվականին. - «98 թվականին իշխանության եկած ուժերը որոշ հույսեր արթնացրեցին... Ռոբերտ Քոչարյանը, որպես ավելի անզիջող եւ պետության թերացումները վերացնել ձգտող մի լիդեր, մարդ, որը Հայաստանում, Հայաստանի որեւէ օլիգարխ միջավայրի հետ որեւէ արատավոր կապ չուներ, եկել էր ու կարծես այդպիսին էր: Այն ժամանակ հասարակությունը նրա հետ հույսեր էր կապում: Բայց Հայաստանի այսօրվա իշխանությունը շատ քիչ ընդհանուր բաներ ունի 97-98 թվականի միջավայրի, հույսերի հետ: Նրա կազմն է փոխվել. հենց իշխանությունը ինքը իր մեջ Քրոնոսի նման խժռեց ինքը իր զավակներին»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG