Մատչելիության հղումներ

«Տնտեսության աճի տեմպերը, փաստորեն, պահպանվել են, եւ այն կանխատեսումները, որ դեռեւս կային տարվա սկզբին, որ այս տարի նույնպես կունենանք 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, փաստորեն, կես տարվա արդյունքներով, արդարանում են», - այսպես ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցրեց, թե տարվա երկրորդ կեսին այդ աճը առավել կլինի՝ հաշվի առնելով նոր գործարկվող ընկերությունների աշխատանքը եւ փոքր ու միջին ընկերությունների ակտիվությունը։

Ըստ նախարարի, մի քանի օրից «Նաիրիտ»-ը կվերսկսի կաուչուկի արտադրությունը ու մինչեւ տարեվերջ կթողարկի 8000 տոննա կաուչուկ, սեպտեմբերին արտադրանք կտա արդիականացված «Արմենալ»-ը, արդեն արտադրանք է տալիս ապակեշշերի նորակառույց գործարանը։

Այդուհանդերձ, կիսամյակի արդյունքներով, արդյունաբերության ոլորտը 0,4 կետի անկում է գրանցել, ինչը պայմանավորված է ակնագործության արտադրանքի պահանջարկի շուրջ 20 տոկոս անկմամբ։ Ու չնայած դրան՝ տնտեսական աճը շարունակվել է:

«Այն ազդեցությունը, որ կարող էր ունենալ ադամանդի ոլորտի այսչափ անկումը, մի 3,4 կամ 5 տարի առաջ ընդհանուր առմամբ ոչ միայն արդյունաբերության ծավալների, այլ նաեւ համախառն ներքին արդյունքի վրա կարող էր լուրջ ազդեցություն ունենալ: Այսօր այդ ազդեցությունը փաստորեն փոխհատուցվում է այլ ճյուղերի զարգացմամբ», - հիմնավորեց նախարարը:

Կարեն Ճշմարիտյանը շարունակում է պնդել, թե դրամի ամրապնդումը, թեեւ կարճաժամկետ հատվածում դժվարություններ է ստեղծում արտահանող ընկերությունների համար, ավելի տեւական հեռանկարում դրական դեր կխաղա։ Արդեն այժմ, ըստ նրա, մի շարք ընկերություններ, օգտվելով դրամի արժեվորումից հասցրել են էժան մեքենասարքավորումներ գնել արտասահմանից ու ներմուծել Հայաստան։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե տնտեսական աճը ինչպե՞ս է անդրադարձել աշխատատեղերի ու մարդկանց եկամուտների վրա, այսօր որքա՞ն աշխատատեղ կա այսօր Հայաստանում, նախարարը դժվարացավ ստույգ պատասխան տալ՝ ասելով, որ նման գնահատմանը խանգարում է բազմաթիվ չգրանցված ու թաքնված աշխատատեղերի գոյությունը:

Մյուս կողմից, նախարարի փաստմամբ, տնտեսության որոշ բնագավառներում, ասենք, շինարարության մեջ որակյալ աշխատողների չբավարարված պահանջարկ կա: Դրա պատճառների շարքում նախարարը նշեց ցածր վաստակը. - «Եթե մարդը, որն այսօր ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղված, որոշակի եկամուտ է ստանում, նրան շատ դժվար է այսօր համոզել եւ բերել գործարան, որպեսզի նա ամիսը, ասենք, 60 հազար կամ 70 հազար դրամով աշխատի»:

Չնայած այս ամենին, մարդկանց եկամուտներն աճում են, նաեւ՝ դրսից կատարվող մասնավոր փոխանցումների հաշվին։ Իսկ տնտեսության մասնավոր հատվածում վերջին 4 տարիներին միջին աշխատավարձն ամեն տարի աճել է 20 տոկոսով. այժմ այն 73 հազար դրամ է։

Արտաքին ներդրումների առումով դեռեւս հայտնի են միայն առաջին եռամսյակի տվյալները. արտաքին աղբյուրներից ներդրումներն այդ ընթացքում աճել են 57 տոկոսով՝ կազմելով 97 միլիոն դոլար։ Ներդրումների առյուծի բաժինը ուղղվել է կապի եւ հանքագործության ոլորտներ։

Ու եթե օտարերկրացիների ներդրումներից նախարարը չի դժգոհում, ապա տեղական ներդրողների վարքագծի նկատմամբ որոշակի վերապահումներ կան. - «Նրանք [օտարերկրյա ներդրողները] մինչեւ չուսումնասիրեն օրենսդրությունը, մինչեւ մեկ-երկու իրավաբանի հետ չխորհրդակցեն, մինչեւ իրենց գործունեությունը չթափանցիկացնեն, նրանք պարզապես չեն սկսում գործել: Իսկ մերոնք սկսում են՝ ասելով, թե հետո կտեսնենք»:

Կարեն Ճշմարիտյանն այսօր թեեւ չհաստատեց շրջանառվող լուրերն այն մասին, որ «ԱրմենՏել»-ի 90 տոկոս բաժնեմասի սեփականատեր հունական OTE ընկերությունն արդեն որոշում է կայացրել «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապը վաճառել ռուսական «Սիստեմա» հոլդինգի մաս կազմող ՄՏՍ ընկերությանը, այդուհանդերձ, բարձր գնահատական տվեց վերջինիս մենեջմենտին. - «Այդ ընկերությունը քաղաքական ազդեցություններից բավականին դուրս է, եւ շատ լուրջ ու բարձր մակարդակի կառավարման համակարգ ունի»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG