Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չեմ կարծում, թե համանախագահները նոր առաջարկներ ունեն, բայց ցանկացած դեպքում Մեթյու Բրայզայի այցը լավ հնարավորություն է Լեռնային Ղարաբաղի հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու», - «Ազգ»-ի փոխանցմամբ, ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Ընդգծելով, որ հանրաքվեն արդեն կայացած է եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց է ինքնորոշվել՝ Ղուկասյանը ասել է. - «Եթե այսօր երաշխիքներ ունենայինք, որ միջազգային հանրությունը կընդունի վաղվա հանրաքվեն, ապա կմտածեինք այդ մասին»: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այդ դիրքորոշումը կառուցված է լինելու այն շեշտադրման վրա, որ բանակցությունների ներկա ձեւաչափը արդյունավետ չէ, եւ այն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Պաշտոնական Երեւանը, ըստ թերթի, նույնպես փորձելու է այս տարբերակը ներկայացնել որպես բանակցային գործընթացում առաջացած փակուղու հաղթահարման միակ արդյունավետ տարբերակ: «Ենթադրվում է, որ Երեւանում գտնվելու ընթացքում Բրայզան հանդիպում է ունենալու նաեւ ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչների հետ», - հավելում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ակնհայտ է դառնում, որ ինչպես Կոսովոյի, այնպես էլ Ղարաբաղյան խնդրի շուրջ ներկայումս փաստորեն ստեղծվում է գրեթե համանման մի իրավիճակ։ Տարբերությունը միայն այն է, որ առաջին՝ Կոսովոն ինքն է վարում բանակցությունները Սերբիայի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ, եւ երկրորդ՝ Կոսովոն վերահսկվում է միջազգային ուժերի կողմից, իսկ Ղարաբաղը ինքն է պաշտպանում իր սահմանները», - զուգահեռում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Ստեղծվում է մի կացություն, երբ միջազգային միջնորդների պահանջները հերթական անգամ մերժող Ադրբեջանը կանգնում է բանակցությունները Ղարաբաղի հետ շարունակելու կամ էլ իր պատերազմական սպառնալիքները իրականություն դարձնելու երկընտրանքի առջեւ։ Սակայն ո՞ւմ դեմ եւ ինչպե՞ս է սկսելու ռազմական գործողությունները ադրբեջանական կողմը, եթե Հայաստանը, հիմնվելով Կոսովոյի նախադեպի եւ Ադրբեջանի կողմից 2006-ի բանակցությունների ձախողման ակնհայտ փաստի վրա, առաջիկայում կարող է որդեգրել գրեթե նույն դիրքորոշումը, որ դրսեւորում է ներկայումս Ալբանիան. այսինքն՝ ոչ միայն դառնալ երրորդ կողմ, այլեւ ընդհանրապես դուրս գալ բանակցություններից»։

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը «Ազգ»-ում ասում է. - «Լիբանանահայ համայնքն ունի համասփյուռքյան նշանակություն... Լիբանանահայ համայնքի ամեն մի տկարացում, թուլացում իր ազդեցությունն ունենալու է ողջ հայության վրա, մանավանդ միջինարեւելյան երկրների հայության վրա: Այստեղ շատ կարեւոր է, որ համայնքն իր դիրքերը պահի ամուր: Համայնքը մաս է կազմում Լիբանանի ժողովրդի, որը գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի բեկորներին եւ թույլ տվեց, որ հայությունն ունենա ծաղկուն համայնք: Այս բոլորն ուրանալ չի կարելի եւ պետք չէ այն տպավորությունը թողնել, որ հայերը դժվարին պահին փախան, լքեցին երկիրը»:

«Այս համագումարով, ըստ էության, քաղաքական դաշտում, գոնե իշխանամետ թեւում, վերջ դրվեց «քաղաքական ֆիդայիզմին»», - «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում արձանագրում է ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը: Թղթակցի դիտարկմանը, թե «թամբից ընկնելուց» հետո ՀՀՇ-ի փոքրացման փաստը աչքի առաջ ունենալով՝ շատերը չեն հավատում, որ ՀՀԿ-ի «խոշորոացման» գործընթացն անշրջելի է Հայաստանի քաղաքական դաշտի վերաձեւումների տարերայնության պայմաններում, Ռազմիկ Մարտիրոսյանը արձագանքում է. - «Այո, պրոցեսները, ցավոք, դեռեւս արհեստական են, բայց դա է ճանապարհը: ՀՀՇ-ի փորձը ցույց տվեց, որ պատասխանատվություն կրեց ամբողջ կուսակցությունը: Եվ եթե ՀՀԿ-ն հայտնվի այդպիսի իրավիճակում, ամբողջ կուսակցությունով պատասխանատվություն կկրենք»:

«ՀՀԿ համագումարից հետո հայրենի շատ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ խուճապահար վիճակում են։ Անհրաժեշտ է արագ կողմնորոշվել։ ՀՀԿ, թե՞ «Բարգավաճ Հայաստան»», - սահմանազատում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Այստեղ չի կարելի, ավելին՝ անասելի վտանգավոր է սխալվել։ Եթե ընտրության հարցին մոտենանք օբյեկտիվորեն, ապա ՀՀԿ-ն, անշուշտ, ավելի նախընտրելի է։ Բայց «Բարգավաճ Հայաստան»-ին էլ ժամանակին տվել են անդամագրվելու խոստումներ։ Իսկ վերջինս թույլ է տալիս մի սխալը մյուսի հետեւից ու կորցնում դիրքերը։ Ի՞նչ անի խեղճ քաղաքական գործիչը կամ պաշտոնյան»։ «Կարելի է, իհարկե, ոչինչ էլ չասել պրն Ծառուկյանին եւ խաղալ զույգ լարի վրա։ Այսինքն՝ ՀՀԿ գրասենյակում ներկայանալ որպես ամենանվիրված հանրապետականը հայոց աշխարհում, իսկ հետո վազել «Բարգավաճ Հայաստան» ու գովերգելով երկինք հանել արդեն սույն աստվածահաճո կազմակերպության ղեկավարին։ Եվ այսպես՝ օրական մի քանի անգամ», - խորհուրդ է տալիս «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը:

«Դուք անհանգիստ չե՞ք, որ Հանրապետականը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ էլի մի քանի հայտնի կամ անհայտ իշխանական ուժեր, որոնք զարմանալիորեն շատացել են վերջին շրջանում, ընտրություններից առաջ ՄԱԿ-ին խաղից դուրս կթողնեն». «Առավոտ»-ի այս հարցին ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը պատասխանում է. - «ՄԱԿ-ը իր փաստարկները կբերի ընտրությունների օրվա ավարտին, երբ կհրապարակվեն ընտրությունների արդյունքները: Չէ՞ որ երբ նախատոնական միջոցառումների շարք ես անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ, ասենք, օլիմպիադայի եզրափակիչ մրցումների արդյունքում դու արդեն մեդալը կախել ես վզիդ»:

Նույն թերթում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը բացառում է Ռոբերտ Քոչարյանի՝ ապագայում վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարը. - «Նման բանի մասին խոսելն անլուրջ է: Պատկերացնո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ լինելուց հետո մնա քաղաքական սովորական գործչի կարգավիճակում ու շարունակի աշխատել, առավել եւս՝ Սերժի ձեռքի տակ. ընդհանրապես բացառվում է... Սերժ Սարգսյանը ինքը շատ ավելի ուժեղ նախագահ կլինի, քան վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը: Այլ թեկնածուի պարագայում իրավիճակը միանգամայն այլ կլիներ, բայց Սերժ Սարգսյանի դեպքում դա հնարավոր չէ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG