Մատչելիության հղումներ

«Ընդհանուր առմամբ արդյունքները մեզ բավարարում են», - նշում է առարկայական հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը:

Այս պատկերը, սակայն, անհանգստացնում է դիմորդների ծնողներին:

«Ես կապը չեմ տեսնում դպրոցի ու բուհի միջեւ: Ուրեմն երեխան դպրոցում ինչքա՞ն վատ է սովորում, որ կրկնուսույցի մոտ պարապելուց հետո էլ չի հաղթահարում նույնիսկ դրականի շեմը», - զարմանում է վրդովված ծնողը:

Հանձնաժողովի նախագահը դժգոհում է դիմորդին պատրաստող մասնագետներից, իսկ դիմորդներն ու ծնողներն էլ բողոքում են առարկայի իմացությունը ստուգելու այս մեխանիզմից: Արդեն մի քանի տարի է, ինչ առարկայական հանձնաժողովը աշխատանքները ստուգում է հայոց պատմության դպրոցական դասագրքերով: Դիմորդներն էլ ստիպված են լինում տող առ տող անգիր սերտել դասագիրքը՝ շատ հաճախ նույնիսկ առանց հասկանալու:

«Ինչ պահանջում եք, այն էլ սովորում են, անգիր եք պահանջում, անգիր են սերտում թվերը: Այս ճանապարհով դիմորդը պատմություն չի սովորի»,- վստահեցնում է դիմորդի ծնողը:

Մինչեւ հիմա 600 դիմորդից գնահատականը բողոքարկել է ընդամենը 15֊-ը՝ բոլոր գնահատականները անփոփոխ են մնացել: Ըստ Էդիկ Գեւորգյանի՝ այս փաստը խոսում է հանձնաժողովի ճիշտ աշխատանքի օգտին, մինչդեռ ծնողները վստահեցնում են, որ բողոքարկման իրենց իրավունքը չեն օգտագործում, քանի որ վախենում են գնահատականի իջեցումից՝ նման հնարավորությունը չի բացառել կրթության եւ գիտության նախարարը:

Սակայն ամենացածր առաջադիմությունը շարունակում է գրանցվել մաթեմատիկայից. մինչ օրս քննությունը մասնակցածների շուրջ 30 տոկոսն արդեն անբավարար է ստացել, «20» ստացել են ընդամենը 2 հոգի: Այն, որ դիմորդների մաթեմատիկայի իմացության մակարդակը իջել է նույնիսկ անցյալ տարվա համեմատ, փաստում է նաեւ հանձնաժողովի նախագահ Աղավարդ Խաչատրյանը: Ըստ նրա, դիմորդների համար ամենալուրջ խնդիրը տրամաբանելն է. - «Սա լավագույնս է վկայում այսօրվա դիմորդի տրամաբանության մասին»:

Ի տարբերություն հանձնաժողովի նախագահի, դիմորդներն ու պարապող դասախոսները քննության աննախադեպ ցածր արդյունքների պատճառ են համարում «արհեստականորեն սարքված իրավիճակը»: Ըստ նրանց, քննատոմսերում վերջին օրերին հայտնվել են բարդ առաջադրանքներ, որոնք նախատեսված չեն եղել ոչ «Շտեմարաններ»-֊ում, ոչ «Դիմորդ -2006»-ում: Դա էլ դարձել է զանգվածային ձախողումների եւ խուճապի հիմք: «Մենք նախապես ոչինչ չենք իմացել», - վկայում են դիմորդները: - «Ընդամենը 6 օր առաջ իմացանք, որ վերջին պահին ամենաբարդ առաջադրանքներն են ընդգրկվել»:


Հասմիկ Սմբատյան, Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG