Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը միայնակ է գնալու խորհրդարանական ընտրությունների


Հայաստանյան խոշոր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միայնակ է գնալու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Կուսակցության նախագահը՝ պարոն Ծառուկյանը, ասաց, որ մենք գնալու ենք միայնակ խորհրդարանական ընտրությունների», - երկուշաբթի օրը Սունդուկյանի անվան թատրոնի շենքում կայացած հավաքում Ծառուկյանի ելույթից «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանը: - «Սա կուսակցության նախագահի որոշումն է: Ես համոզված եմ, որ մեր քաղաքական խորհուրդն էլ նման որոշում կկայացնի»:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները տեղեկացնում են, որ հավաքում Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան»-ը «հաղթելու է խորհրդարանական ընտրություններում», նաեւ վստահեցրել է, որ իրենք պատրաստ են համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, ովքեր ուզում են, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացվեն:

«Ազատություն» ռադիոկայանի նույն աղբյուրների պնդմամբ՝ կայացած կարելի է համարել նաեւ Գագիկ Ծառուկյան – Վիկտոր Դալլաքյան դաշինքը:

Վարդան Վարդանյանը երեքշաբթի օրը հակադարձեց պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում արած հայտարարությանը, թե «Բագավաճ Հայաստան»-ը որպես կուսակցություն դեռեւս գոյություն չունի: Վարդանյանը պնդեց, թե «Բարգավաճ Հայաստան»-ը գործում է արդեն երեք տարի եւ ունի 210 հազար անդամ ու 300-ից ավելի կուսակցական գրասենյակներ:

«Հստակ կարող եմ ասել՝ կուսակցություն կա, երեք տարվա պատմություն ունի, համագումարն արված է: Այնպես որ, չեմ կարծում, նման խոսակցություններ որ լինեն», - ասաց նա:

Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ մարդիկ իրենց կուսակցություն գալիս են՝ համախմբվելով գաղափարի շուրջ: Երեկվա հավաքի ելույթում Գագիկ Ծառուկյանը ասել է, որ նրանք, ովքեր կուսակցությանն անդամակցել են փողի ակնկալիքով, սխալվել են, քանի որ «փող չի լինելու»:

«Իսկապես այդպես է», - հաստատեց Վարդան Վարդանյանը: - «Կուսակցությունը փող չի բաժանելու, կուսակցությունը փողի շտեմարան չէ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG