Մատչելիության հղումներ

Moody’s գործակալությունը Հայաստանին շնորհել է BA2 վարկանիշ


Երկրներին եւ ընկերություններին վճարունակության աստիճան շնորհող աշխարհահռչակ Moody’s Investors Service գործակալությունը Հայաստանին շնորհել է BA2 վարկանիշը, ինչը նշանակում է, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա միջին տեղ է զբաղեցնում։

Կենտրոնական բանկում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ասաց, որ վարկանիշը թույլ է տալիս Հայաստանի կառավարությանը պարտատոմսեր («եվրոբոնդեր») թողարկել արտաքին ֆինանսական շուկաներում ու լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել:

«Մյուս կողմից, երկրին տրված BA2 վարկանիշը հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտա արտաքին ֆինանսական շուկաներից ձեռնտու պայմաններով ներդրումներ ներգրավել իրենց բիզնես ծրագրերի իրականացման նպատակով», - վստահեցերց Տիգրան Սարգսյանը:

Գործնականում, սակայն, կառավարությունը չի պատրաստվում իր պարտատոմսերը հանել արտաքին շուկա:

«Առայժմ կառավարությունը մոտ տարիներին չի պատրաստվում եվրոպական պարտատոմսեր թողարկել եւ պարտքի բեռ կուտակել, քանի որ այս պահին, մենք գտնում ենք, որ կարող ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները ներքին ռեսուրսներով եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցների հաշվին», - ասաց ասուլիսին մասնակցող Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

Տիգրան Սարգսյանը ասաց, որ Հայաստանին Moody’s Investors Service-ի շնորհած վարկունակության վարկանիշը մեկ աստիճանով բարձր է Թուրքիային, եւ երկու աստիճանով՝ Վրաստանին շնորհած վարկանիշերից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի վարկանիշը նույնպես BA2 է:

Այդ վարկանիշով Հայաստանը մտնում է «անցումային խմբի» երկրների ցանկի մեջ: Ամենաբարձր՝ ներդրումային վարկանիշ ստանալու ճանապարհին Հայաստանը դեռեւս որոշակի ճանապարհ ունի անցնելու։ Moody’s Investors Service-ի փոխնախագահ Սառա Բերտինը Հայաստանին վարկանիշ շնորհելիու կապակցությամբ մատնանշել է բոլոր այն խոչընդոտները, որոնք առայժմ անհնար են դարձնում երկրին ամենաբարձր խմբի՝ ներդրումային վարկանիշ շնորհելը։

Ըստ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության, Բերտինը մասնավորապես, շեշտել է. - «Մենք հաշվի ենք առել դոլարացման բարձր մակարդակն ու երկրում խորը ֆինանսական շուկայի բացակայությունը»։

Սովորաբար, Moody’s-ը, ինչպեսեւ վարկանիշ շնորհող մյուս հայտնի գործակալությունները՝ «Ֆիթչ»-ը եւ «Ստանդարտ ընդ Փուրզը», իրենց գնահատականները տալիս են՝ ելնելով նաեւ տվյալ երկրում ներդրումների քաղաքական ռիսկերից։ Հայաստանի պարագայում եւս այս մոտեցումը պահպավել է։ Այդ կապակցությամբ Սառա Բերտինը իբրեւ հիմնական սահմանափակում առանձնացրել է Լեռնային Ղարաբաղի չկարգավորված խնդիրը եւ միեւնույն ժամանակ կանխատեսել, թե գործակալությունը «շատ ցածր է համարում մոտակա կամ միջին ժամանակահատվածում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ զինված հակամարտության վերսկսման հավանականությունը»։

«Ֆիթչ» գործակալությունը, ի դեպ, մեկուկես ամիս առաջ Հայաստանին վճարունակության վարկանիշ շնորհելիս այս հարցում ճիշտ հակառակ կանխատեսումն էր արել։

Ըստ երեւույթին, Հայաստանին «Ֆիթչ»-ի տված ոչ այնքան բարենպաստ BB- վարկանիշն է պատճառ հանդիսացել, որպեսզի կառավարությունը դիմի Moody’s Investors Service-ին ու նրա կողմից քիչ ավելի բարձր վարկանիշ ստանա:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG