Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլը փոխանցում է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը. - «Հանրապետության նախագահը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու եւ կուսակցության խորհուրդը գլխավորելու փաստը։ Հեղինակություն վայելող քաղաքական գործչի անդամակցությունը ՀՀԿ-ին, ինչպես նաեւ՝ մի շարք այլ քաղաքական եւ պետական գործիչների համախմբումը, ողջունելի է եւ կարող է դրական ազդեցություն գործել կատարելությունից դեռեւս հեռու գտնվող հայաստանյան քաղաքական դաշտի վրա»։ «Հայկական ժամանակ»-ը այս հայտարարությունը մատուցում է «Ոնց ասել էր» վերնագրի ներքո՝ հիշեցնելով. - «Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր, որ ՀՀ նախագահը դրական է վերաբերվում ՀՀԿ-ին իր անդամակցությանը, ու ավելացրել, որ եթե առիթ լինի՝ նախագահը կամ իր խոսնակը այդ մասին կասեն»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության համագումարին, արժեվորում է. - «Այս համագումարը կարելի է համարել նախընտրական տարվա ամենանշանակից իրադարձությունը, որովհետեւ ավելի ազդեցիկ ուժ դժվար թե ձեւավորվի եղած քաղաքական դաշտում»:

«Առավոտ»-ը նշում է. - «Ճակատագրի հեգնանք. խորհրդային դարաշրջանի այլախոհների կողմից ստեղծված կուսակցությունը վերջնականապես նմանվել է ԽՄԿԿ-ին... Եթե համագումարում նայես «իշխանության կուսակցության» դեմքերին, ապա դժվար է տարբերել՝ դա ԽՄԿԿ-ի՞, ՀՀԿ-ի՞, թե՞, ասենք, «Միացյալ Ռուսաստանի» համագումարն է. նույն «կերած-խմած», որեւէ միտք չարտահայտող դեմքերը, նույն կոռումպացված գաղափարազուրկ չինովնիկները»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պատմում է. - «Երբ առավոտյան գնում էինք ՀՀԿ համագումարին, տրամադրությունը մեկն էր՝ ներկա ենք լինելու մինչ այժմ չլսված ու չտեսնված հզոր մի ուժի ցուցադրության՝ ֆեյերվերկի, որը միանշանակ կանխորոշելու է 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների ելքը։ Եվ չնայած ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումարում հզորության եւ ուժի բոլոր պարտադիր ատրիբուտները կարծես թե կային, սակայն թե՛ հին ու թե՛ նոր հանրապետականների պահվածքում չկար այն զգացողությունը, որ վերջապես ձեւավորվել է քաղաքական հզոր այն ուժը, որի անոնսը վերջին մեկ ամսում գրեթե ամեն օր ազդարարում էին Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ»։

«Նկատելի էր, որ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի տրամադրությունը ամենեւին տոնական չէր», - ասես լրացնում է «Առավոտ»-ը: - «Մյուսները եւս երջանկությունից չէին փայլում: Ինչ-որ տարօրինակ բան կար օդի մեջ, եւ այդ տարօրինակությունը շշուկներով փորձում էին բացատրել համագումարին ներկա որոշ հանրապետականներ: Ոմանց կարծիքով, ամեն ինչ հիշեցնում էր 1998 թվականը, երբ նախապատրաստվում էր ՀՀՇ-ի վերջը, մյուսները կարծիք էին հայտնում, որ այս ամենը հիշեցնում է ՀՀՇ-ի պիկի ժամանակները, ուրիշները նույնը բացատրում էին այսպես. «Գետի վարարելը կտրվելու նշան է», երրորդները չէին թաքցնում իրենց դժգոհությունը համատարած հանրապետականացումից»:

Հատուկ ուշադրություն դարձնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս կուսակցություն չէ՝ «Հայկական ժամանակ»-ը բխեցնում է. - «Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը»-ը զրկվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Իսկ այս պնդումը հիմնավորվում է հետեւյալ կերպ. ըստ Հայաստանի օրենսդրության` հերթական խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել այն կուսակցությունները, որոնք ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ են սկսել իրենց գործունեությունը... Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը չի կարող ընտրություններին մասնակցել: Իհարկե, նախկինում արդեն հայտարարվել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը որպես կուսակցություն գրանցվել է շատ ավելի վաղ, քան դրան անդամակցելու մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Բայց Սերժ Սարգսյանը չէր կարող տեղյակ չլինել այս նրբությանը ու եթե տեղյակ եղել է ու, այսուհանդերձ, հայտարարել է, նշանակում է` պետք է իր հայտարարությունը հիմնավորող փաստարկներ ունենա»:

«Մինչ Հանրապետական կուսակցության ղեկավարները խոսում են իրենց 30 հազար անդամների մասին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին դեռեւս կայացած կուսակցություն չեն համարում, որ խոսեն կամ չխոսեն նրա հետ համագործակցելու հնարավորության մասին, Գագիկ Ծառուկյանը սուսուփուս իր գործն առաջ է տանում, իսկ նրա կողմնակիցները հայտարարում են կուսակցությանն անդամագրված 300 հազար համակիրների մասին», - մատուցում է «Ազգ»-ը՝ Սունդուկյանի անվան թատրոնում երեկվա հավաքից էլ նկարագրելով. - ««Բարգավաճ Հայաստան»-ի բեմում միայնակ նստած առաջնորդը բարձրաձայնում էր ժպիտով, անգամ իր եւ իր կուսակցության մասին անհեթեթ կարծիք հայտնողներին ուղղված կիսասպառնալից խոստումը ժպտալով տվեց: Իսկ այդ խոստման իմաստը հետեւյալն էր. Ծառուկյան Գագիկը որոշ բաներ կուլ է տալիս, որովհետեւ քաղաքականությունը դիվանագիտություն է, առայժմ նա համբերել ու կուլ է տվել իր հասցեին հնչող անհեթեթությունները: Բայց սրանից հետո ամեն մեկն իր պատասխանը ստանալու է»:

«Թատրոնի մայթի մոտ երեք շարքով կանգնած մեքենաներից առանձնանում էին 8-երով հարուստ թանկարժեք մեքենաները, իսկ թատրոնի ծառայողական մուտքը հսկում էին Գագիկ Ծառուկյանի թիկնապահները», - նույն հավաքից պատկերներ է ներկայացնում «Հայկական ժամանակ»-ը: - «Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը մտքին դրել էր իր այս միջոցառմամբ պատասխանել հանրապետականների շաբաթ օրը տեղի ունեցած արտահերթ համագումարին, ապա վերը նկարագրվածից թերեւս պարզ է դառնում, որ պատասխանն ավելի քան համարժեք ստացվեց»:

«Մինչ վերլուծաբանները ու քաղաքական գործիչները Սերժ Սարգսյանի խոսքերի տողատակերում զանազան մեսիջներ կփնտրեն, հակասություններ կպեղեն եւ կգտնեն Ռոբերտ Քոչարյանի հետ, վեր կհանեն Սերժ Սարգսյանի «հնարամտությունն» ու «հեռատեսությունը»՝ իրականում շփոթահար եւ հավակնոտ նորահայտ այս նժդեհականը կշփի ձեռքերը եւ կծիծաղի աշխարհի միամտության վրա. չէ՞ որ այժմ նա, ինչպես երբեք, մոտ է թագավորական աթոռին», - գրում է «Տարեգիր»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG