Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյանի կարծիքով, ՀՀԿ համագումարը «ներկայացման առաջին գործողությունն էր»


Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի համոզմամբ, շաբաթավերջին Հայաստանի հանրապետական կուսակցության արտահերթ համագումարը, որը կուսակցության ղեկավար պաշտոններում ընտրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, հայաստանյան մի քանի խոշոր գործարարների, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «բեմականացրած ներկայացման առաջին գործողությունն էր»:

Գեղամյանի խոսքերով, համագումարը որեւէ կապ չուներ Հանրապետական կուսակցության հետ. միակ նպատակը «նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սարգսյանի պաշտոնավորումը երկարաձգելն էր»:

«Ազգային միաբանության» ղեկավարը վստահ է, որ, ընտրվելով ՀՀԿ Խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքը պատրաստ է լուծել Ղարաբաղի խնդիրը եւ այդ նպատակով անգամ անդամագրվում է Հանրապետական կուսակցությանը՝ քաղաքական մի ուժի, որը պարբերաբար դեմ է արտահայտվում տարածքները վերադարձնելու գաղափարին:

«Պարոն Սերժ Սարգսյանը, անդամագրվելով Հանրապետական կուսակցությանը, արտաքին քաղաքական ուժերին ուզում են [Քոչարյանը եւ Սարգսյանը] ապացուցել, թե ինչ մեծ զոհողությունների գնով՝ անգամ իսկ գնում-անդամակցում է այդ քաղաքական ուժին, որը իբր երկու ոտքով կանգնել եւ հայտարարում էր, որ դեմ է մի թիզ հող հանձնելուն, եւ մեծագույն զոհաբերություններով հիմա այդ հարցը կարգավորելու են: Այսինքն՝ հերթական անգամ պատրանք են ուզում ստեղծել միջազգային հանրության առաջ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծողները Հայաստանի Հանրապետությունում կարող են միայն եւ միայն իրենք լինեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պարզաբանեց Արտաշես Գեղամյանը:

«Ազգային միաբանության» առաջնորդը վստահ է, որ «բեմադրությունը» ավարտվելու է ոչ հեղինակների նախանշած սցենարով. - «Սցենարը ավարտին կհասցվի՝ բայց ոչ իրենց կողմից, այլ միջազգային այն կազմակերպությունների կողմից, որոնք այլեւս չեն կարող հանդուրժել Հարավային Կովկասում կրիմինալ իշխանություններ»:

Անդրադառնալով ՀՀԿ-ին վերջին շրջանում անդամագրվածներին՝ Գեղամյանը կարծիք հայտնեց, որ նույն մարդիկ շատ շուտով տեղափոխվելու են ընդդիմադիր կուսակցություններ:

«Որովհետեւ անխուսափելի է ընդդիմության՝ իշխանության գալու բնականոն գործընթացը», - փաստարկեց նա:

Մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ «Հանրապետություն» կուսակցութան ղեկավար անդամ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի համար «կրկնակի, եռակի զարմանք է, որ նման [Հանրապետականին բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեծահարուստ գործարարների անդամակցության] գործընթացի գլխին կանգնած է նախկինում այլախոհ համարվող Անդրանիկ Մարգարյանը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG