Մատչելիության հղումներ

Բագրատյանը ազատվել է Երեւանի կոնյակի գործարանում զբաղեցրած ղեկավար պաշտոնից


Երեւանի կոնյակի գործարանի կադրերի եւ գնումների գծով տնօրեն, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հուլիսի 1-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ընկերության նախագահ Էրվե Կառռոֆը նախկին վարչապետի հրաժարականի առնչությամբ երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Բագրատյանը հետ իրենք պայմանավորվել են, «նա ունեցել է իր ծրագրերը», իսկ հրաժարականի շարժառիթը կապված էր «Պեռնո Ռիկար» ընկերության բաժնետերերի հետ համաձայնեցման գործընթացով, ըստ որի մինչեւ հունիսի վերջ նա պետք է հեռանար պաշտոնից։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հրանտ Բագրատյանը ձեռնպահ մնաց իր հրաժարականի շարժառիթների շուրջ մեկնաբանություններից՝ խոստանալով դրանք ներկայացնել ավելի ուշ:

Անկախ կոնյակի գործարանում ընթացող կադրային խմորումներից, ընկերությունը շարունակում է շահաբեր բիզնեսը ԱՊՀ շուկաներում։ Երկուշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսում Կոնյակի գործարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Էրվե Կառռոֆը ասաց, որ անցյալ տարի ընկերությունը ընդհանուր առմամբ վաճառել է շուրջ 3,5 միլիոն լիտր կոնյակ, որի 75 տոկոսը՝ Ռուսաստանում։ Այս տարի էլ վաճառքի աճի տեմպը պահպանվում է։

Ավելին՝ ձեռնարկության ղեկավարի փոխանցմամբ, ներկայումս ընկերությունը գլխավոր շեշտը դնում է «պրեմիումիզացիայի» գործընթացի վրա, ինչը նշանակում է, որ վաճառվող կոնյակների գերակշիռ մասը պատրաստված են 10-20 տարի հնեցված սպիրտից։ «Սուպերպրեմիում» կոնյակների վաճառքը այսօր գերազանցում է ընդհանուր վաճառքի 35 տոկոսը։

Այդուհանդերձ, ընկերութունը որոշակի կորուստներ է ունեցել, ու շարունակում է ունենալ՝ կապված դոլարի շարունակվող արժեզրկման հետ:

Երեւանի կոնյակի գործարանը իր ներդրումների հիմնական մասը կատարում է Այգեվանում եւ Արմավիրում գտնվող մասնաճյուղերում. միայն անցյալ տարի այդ բազաների զարգացման մեջ ներդրել է ավելի քան 1,5 միլիոն եվրո, ինչը թույլ է տվել ավելացնել հայ խաղողագործներից գնված խաղողի ծավալները: Անցյալ տարի գնվել է շուրջ 19 հազար տոննա բարձրորակ խաղող, իսկ այս տարի ծրագրվում է խաղողի գնումը հասնել 30 հազար տոննայի։

Ինչ վերաբերում է խաղողի գնման գնին, ապա Կառռոֆը կոնկրետ թիվ չասաց, սակայն, ընդգծեց, որ գնման գինը փոքր-ինչ ավելին կլինի, քան անցյալ տարի էր:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG