Մատչելիության հղումներ

Լիբանանից եւ Իսրայելից Հայաստան են եկել 472 մարդ


Իսրայելա-լիբանանյան պատերազմական գործողությունների սկզբից ի վեր Լիբանանից եւ Իսրայելից 472 մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ եւ սփյուռքահայեր, եկել են Հայաստան:

«Այս պահի դրությամբ արդեն իսկ 472 մարդ ժամանել են Երեւան տարբեր չվերթներով՝ ե’ւ կանոնավոր, ե’ւ արտահերթ: Այդ թվում նաեւ՝ Թել Ավիվից լուսաբացին ժամանեց «Արմավիա»-ի օդանավը, որը բերեց 54 հոգու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երկուշաբթի օրը ասաց փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը՝ հավելելով, որ պատերազմական գործողությունների գոտուց հայերի արտահոսքը «չի ավելանում». - «Չնայած՝ մեր աշխատանքային խմբերը, դեսպանությունները, Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում պատրաստ են այն բանին, որ, եթե հոսքը ավելանա, արդեն իսկ գործող մեխանիզմը սկսի ակտիվ աշխատել»:

Հայաստանի քաղաքացիներն ու սփյուռքահայերը Հայաստան են գալիս, Ղարիբջանյանի խոսքով՝ «մասամբ իրենց հաշվին»:

«Որովհետեւ պայմանավորվածության համաձայն, հատուկ չվերթները, որոնք գնում են օդանավերը դատարկ եւ, որպեսզի որեւէ վնաս չկրի ավիաընկերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վարչապետ Մարգարյանի հանձնարարությամբ, մեկնելու ծախսերը վերցնում է իր վրա», - պարզաբանեց փոխնախարարը:

Խոսելով Հայաստան մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրման մասին՝ Ղարիբջանյանը ասաց. - «Հենց առաջին օրը արտգործնախարարությունը հայտարարեց, որ հանձնարարական է տրված տեղերում՝ այսինքն Բեյրութում, Դամասկոսում եւ Հալեպում, ցանկացողներին եռամսյա անվճար մուտքի արտոնագիր տալու համար: Սա շեշտում եմ, որովհետեւ բողոքողները, որոնք ժամանել էին Հալեպից նախավերջին ինքնաթիռով, մեր գլխավոր հյուպատոսը Հալեպի օդակայանում եւս մեկ անգամ բոլորին զգուշացրել էր, որ այս հանձնարարականը այս պահին գործում է միայն դրսի կառույցների համար: Այսինքն՝ դեռ որոշումը չէր հասել ներքին գործերի նախարարությանը»:

«Բարեբախտաբար, երբ օդակայանից ահազանգը ստացվեց, մենք անմիջապես հյուպատոսական վարչության աշխատակցին գործուղեցինք օդակայան, եւ նա տեղում սկսեց վիզաներ տալ ժամանողներին», - շարունակեց Գեղամ Ղարիբջանյանը՝ հավելելով, որ 21 օրվա մուտքի արտոնագրերի համար արդեն վճարած մարդկանց համար «արտգործնախարարությունը ամեն ինչ կանի, որ դա երկարեցվի մինչեւ երեք ամսվա»:

Փոխարտգործնախարարը նաեւ տեղեկացրեց, որ հայ զոհեր, բարեբախտաբար, չկան:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG