Մատչելիության հղումներ

Դիմորդները սկսում են դժգոհել


«Լրիվ անարդար է, եթե ասում են՝ արդարություն կա, սուտ է», - շաբաթ օրը ասում էին Երեւանի պետհամալսարանի մուտքի մոտ հավաքված մի խումբ դիմորդներ ու ծնողներ:

Գանգատարկումների հենց առաջին օրը նրանք պահանջում էին հանդիպում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Այդ մի քանի դիմորդները քիչ առաջ դուրս էին եկել անգլերեն բանավորի քննությունից, որն անցկացվում էր Ճարտարապետության եւ շինարարության ինստիտուտում:

«Եթե ինստիտուտի մոտ տեսնեիք, երեխեքը բոլորը լացում էին, շատ ցածր էին ստանում», - պատմեց դիմորդներից մեկը: - «Մի հոգի կար, որ 18 էր ստացել՝ էն էլ կասկածելի միջոցներով, որովհետեւ մասնագետը պատասխանը լսեց ու զարմացավ, որ նման պատասխանին կարելի էր 18 նշանակել»:

Բողոքողներից ոչ ոք չէր ձախողվել, ստացել էին 9-14 միավորներ: Իհարկե, նրանք, սովորականի պես, համոզված էին, որ ավելի բարձր միավորների էին արժանի, սակայն առավել զայրացած էին հանձնաժողովի «կամայականություններից»: Դիմորդներն ու մոնիթորներով քննության ընթացքին հետեւած ծնողները փաստում էին, որ ականատես են եղել որոշ դիմորդների բացահայտ օգնելու դեպքերի:

«Մեր լսարանում առաջը նստած մեկը 18 ստացավ, դուրս եկավ: Այն դեպքում, երբ լրիվ թելադրում էին: Ես վստահ ասում եմ՝ իրենք ասում էին, էդ աղջիկը կրկնում էր: Ուղղակի արդար չի, խոսք չունեմ ասելու», - պատմեց մեկ այլ աղջիկ:

«Հեռուստացույցով նայում ես, չպատասխանողը դուրս ա գալիս 17 բալլով», - ասաց ծնողներից մեկը: - «Տեսել ենք՝ կմկմալով, հարցերին չպատասխանելով, հուշելով երեխան դուրս եկավ՝ 17-ը ստացած»:

Ծնողներից մեկին հաջողվեց հանդիպել նախարարին, որը նրանց խորհուրդ տվեց գանգատարկել Հանրապետական ընդունող հանձնաժողով:

Այդ ընթացքում անգլերեն բանավորի հանձնաժողովն արդեն ավարտել էր աշխատանքը: Ի դեպ, լսելով դիմորդների գանգատների մասին, հանձնաժողովի նախագահ Գայանե Գասպարյանն ամենեւին չզարմացավ. - «Սուտ է, դա բացառվում է: Գրավոր քննություն չէ, որ մոտենանք հուշենք: Երեխեքը բառարաններով նստած են, ոչ ոք նրանց չի մոտենում, բանավորին էդպիսի բան չի լինում եւ չի էլ կարող լինել: Պարզապես ծնողները չափազանցում են: Բնական է, եթե ցածր է ստացել, ոչ մի ծնող չի ասի՝ երեխաս վատն է, կասի՝ հանձնաժողովը վատ է աշխատում»:

Հիշեցնենք, որ անգլերեն բանավոր քննությունն ընդգրկված է բուհերի՝ այս տարի ամենաբարձր մրցութային ֆակուլտետներում, որտեղ 1 տեղի համար մրցում են 25-ից ավելի դիմորդներ: Եվ եթե հաշվի առնենք, որ անգլերեն եւ հայերեն գրավոր քննությունները՝ թեստերի շնորհիվ ապահովում են ամենաբարձր միավորները, ապա անգլերեն բանավորը, ըստ ոլորտի որոշ մասնագետների, խնդիր ունի այս ֆակուլտետների մրցույթում հավասարակշռություն ապահովել եւ կասեցնել չնախատեսված, «պատահական» բարձր ցուցանիշները, որոնք վերջնական մրցույթում կարող են լուրջ պրոբլեմներ ստեղծել այս ֆակուլտետների անվճարի «հայտնի կոնտինգենտի համար»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG