Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 22-ը հուլիսի)

Սենսացիոն համարելով, որ Ռոբերտ Քոչարյանի նախատեսված այցը Մոսկվա չի կայանա, եւ թերահավատորեն վերաբերվելով նախագահի առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկատվությանը, «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Պետք է խոստովանել, որ Քոչարյանը այսօրինակ անհանգստության պատճառ ունի, բայց դա ոչ միայն կամ ոչ այնքան ՀՀԿ համագումարն է, որքան պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պահվածքը: Նախորդ օրը «Ազատությանը» տված հարցազրույցում նախարարը, ըստ էության, հողին հավասարեցրեց Ռոբերտ Քոչարյանին: Խոսքը վերաբերում է այն հատվածին, երբ նա, ըստ էության, ասաց, որ Քոչարյանը կամ նրա խոսնակը առաջիկայում կասեն, որ լավ են վերաբերվում Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ անդամ դառնալու որոշմանը»:

«Սա սուբորդինացիոն էթիկայի կոպիտ խախտում է, որովհետեւ ընդհանրապես նախագահը կարող է ասել, թե ինչ կանի նախարարը, բայց որ նախարարը ասի, որ նախագահը այսպիսի կամ այնպիսի քայլ է անելու, դա արդեն ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում, եւ սրանից արդեն հեղաշրջման հոտ է գալիս», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը: - «Սերժ Սարգսյանը իր հրապարակային հայտարարությամբ Քոչարյանին ծանր վիճակի մեջ է դրել, ու հիմա վերջինս երկու տարբերակ ունի՝ կամ իրապես անել խնդրո առարկա հայտարարությունը եւ հրապարակային ցուցադրել, որ ինքը, ըստ էության, ենթարկվում է Սերժ Սարգսյանին, կամ նման հայտարարություն չանելու պատրվակ գտնել»: «Այս հարցի դրական պատասխանի մեջ լուրջ պրոբլեմ կա», - շարունակում է մեկնաբանը. - «Ու եթե Քոչարյանն ասի, որ ինքը ողջունում է այդ քայլը, եւ որ այդ քայլը համաձայնեցված է իր հետ, կնշանակի, որ ինքն է ուժեղացնում ՀՀԿ-ն, ինչն էլ կհիասթափեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու թե երեք հարյուր հազար անդամներին եւ բազմաթիվ կուսակցական գրասենյակների կզրկի գոյության մոտիվացիայից»:

«Հայկական ժամանակ»-ը, ընգծելով նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին Սերժ Սարգսյանը ասել է, թե «ընդհանուր առմամբ սկզբունքները ընդունելի են իր համար», բխեցնում է. - «Սա հստակ մեսիջ է Արեւմուտքին, որ եթե Քոչարյանը չի լուծում հարցը, ես կլուծեմ, որ եթե Քոչարյանը քաղաքական հենարան չունի, ես ունեմ, որ հարցի կարգավորմանը խոչընդոտող ազգայնականները բոլորը իմ վերահսկողության տակ են»:

«Հայաստանում մեծից փոքր բոլորը գիտեն, որ «Բարգավաճ Հայաստանը» ստեղծվել է հենց Քոչարյանին սատարելու նպատակով եւ նրա հիմնական քաղաքական հենարանն է, բայց ահա Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե այդպիսի կուսակցություն դեռեւս գոյություն չունի», - մատուցում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Իրականում կուսակցությունը վաղուց գոյություն ունի, հրապարակել է ծրագիրը, այդ կուսակցության ղեկավարները հայտարարել են, թե արդեն մոտ 200 հազար մարդ է դիմել՝ կուսակցությանն անդամագրվելու համար: Իսկ Սերժ Սարգսյանը այնքան սիրալիր է գտնվում, որ «մեսիջ» է հղում Քոչարյանին՝ «Դու քաղաքական ուրիշ հենարան չունես, ես եմ, որ կամ»»:

«Այս պահին Քոչարյանի Մոսկվա չմեկնելը միայն բացասական ազդեցություն է թողնելու հայրենի ներքաղաքական դաշտում նրա թիմի կարողությունների վրա: Իսկ մյուս կողմից հատկապես այս ժամանակահատվածում Պուտինի հետ ցանկացած հանդիպում Քոչարյանը պետք է գտագործեր ներքաղաքական դաշտում իր դիրքերի ամրապնդման համար, նաեւ՝ նույն Սարգսյան-հանրապետականներ դաշինքի դեմ», գնահատում է «Ժամանակ Երեւան»-ը՝ նաեւ վստահություն հայտնելով, որ «շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունը չի կարող այնքան լուրջ պատճառ լինել, որ Քոչարյանն այսօր նստեր-մնար Հայաստանում». - «Պատճառն այլ տեղ պետք է փնտրել: Ղարաբաղյան հարցում ի հայտ եկած նոր զարգացումնե՞րն են պատճառը, թե՞ Հայաստանի ներքաղաքական շարժերը... Որ պատճառն այս երկուսից մեկն է կամ երկուսը միասին՝ դժվար թե կասկածողներ գտնվեն»:

«Հայոց Աշխարհ»-ը ուղենշում է. - «ՀՀԿ համագումարով սկիզբ է առնում քաղաքական ուժերի դասավորության այնպիսի նոր համակարգի ձեւավորում, որը իր տարբեր բեւեռների ներքին հավասարակշռությամբ կարող է ապահովել առաջիկա քաղաքական գործընթացների էվոլյուցիոն բնույթը եւ կանխել քաղաքական դաշտը «սեւի» ու «սպիտակի» բաժանելու փորձերի ու վերջիններիս թիկունքում նշմարվող «գունավոր» սցենարների ծավալումը։ Հանրապետականը հավակնում է առանցքային՝ համակարգաստեղծ ուժի դերին, որը կարող է դառնալ քաղաքական դաշտի լիարժեք կենտրոն՝ ամենեւին էլ չհավակնելով մենիշխանության»։

Հիշեցնելով, որ նոր Սահմանադրությամբ իշխանության համակարգում Ազգային ժողովի նշանակությունը որոշակիորեն բարձրացել է՝ «Գոլոս Արմեիի»-ն մատուցում է. - «Այս հանգամանքից ելնելով արդեն կանխատեսումներ են արվում, որ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը կզբաղեցնի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը եւ կվերահսկի խորհրդարանական մեծամասնությունը»: «Գաղտնիք չէ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրական իշխանությունը կանցնի վարչապետին եւ Ազգային Ժողովի նախագահին, իսկ երկրի նախագահը կունենա ավելի համեստ լիազորություններ եւ կկատարի անգլիական թագուհու դերակատարություն», - ուրվագծում է մեկնաբանը, հավելելով. - «Ինչպես երեւվում է, բարեփոխված Սահմանդարության պայմաններում պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական գործընթացներում վճռական դերակատարություն չի ունենա»:

«Առավոտ»-ի հարցազրույցում կոմունիստ Խորեն Սարգսյանը ասում է. - «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Հանրապետական դառնալուն, ասեմ, որ մենք ժամանակից շուտ մտանք Եվրոպա: Սա եվրոպական ձեւ է, որտեղ տղան եւ աղջիկը հանդիպում են իրար հետ, ման են գալիս, ղալաթ են անում եւ դրանից երեխա է ծնվում, այդ երեխան էլ դառնում է վեց տարեկան, եւ ծնողները մտածում են ի ցույց աշխարհի ասել, որ իրենց հարսանիքն է, ինչ է թե, երբ եկեղեցում տերտերը հարցնի տղային, ասի՝ «Տե՞ր ես», նա ասի՝ «Տեր եմ»: Հարսին հարցնի՝ «Հնազա՞նդ ես», նա ասի՝ «Հնազանդ եմ»:

«Տպավորություն կա, թե ընդդիմությունը, որն առայժմ զբաղված է առանձին հարցերի շուրջ վերլուծություններ ու մեկնաբանություններ անելով, տակավին չի գիտակցում իշխանական ճամբարում ուժերի վերադասավորման ընթացող գործընթացների վտագավորությունը առաջիկա ընտրությունների համատեքտում», - գրում է «Չորրորդ իշխանության»-ը: - «Մինչ իշխանական ճամբարում առաջիկա ընտրությունների համար արդեն տոկոսներ են նշվում, ընդդիմությունը, իր ասելով, զբաղված է ներկազմակերպչական հարցերով»:

Անդրադառնալով քաղաքացիական շարժում սկսելու մասին Վազգեն Մանուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը՝ «Գոլոս Արմենիի» թերթն ընդգծում է. -«Տապալելով, ավելի ճիշտ՝ չիրականացնելով 18 +-ի քաղաքական նոր ֆորմատի գաղափարը, մինի կուսակցությունները որոշեցին ձեւավորել քաղաքացիական դաշինք. վերջ ի վերջո, քաղաքացիական նախաձեռնության գաղափարը հնչել էր դեռ աշնանը, արդեն ամառ է եւ անհրաժեշտ է գոնե ինչ-որ բան ներկայացնել հանրությանը: Եվ ներկայացվեց՝ քաղաքական հարուստ փորձ ունեցող գործիչները՝ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարարն ու նախկին արտգործնախախարը, միավորվում են՝ ստեղծելով քաղաքական շարժում», - փաստում է «Գոլոս Արմենիի»-ն՝ բխեցնելով. - «Ամեն դեպքում, չի բացառվում, որ նման ձեւով Մանուկյանը փորձում է կրկնել ՀՀՇ-ի փշոտ ճանապարհը, որը նույնպես սկսվեց շարժումից եւ որի գլխավոր գաղափարախոսը Մանուկյանն էր»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG