Մատչելիության հղումներ

Նոր օրհներքը արդեն վեճեր է հարուցում


Ռոբերտ Ամիրխանյանն ասում է, որ լուրջ հիմքեր ունի կասկածելու, թե մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մրցույթն ազնիվ չի անցկացնելու:

Նրա խոսքով՝ նախարարությունն «իր գործն անելու համար» հատուկ ընտրել է օգոստոս ամիսը, երբ «մտավորկանների մեծ մասը արձակուրդում կլինի եւ աղմուկ չի բարձրանա»: Ըստ կոմպոզիտորի՝ նախարարությունը հակված է դեպի խաչատրյանական օրհներգի տարբերակը, քանի որ «ամեն ինչ սկսվել է դեռ Մոսկվայում մտավորականների ֆորումի ժամանակ կազմակերպված ստորագրահավաքից, որն այնուհետեւ տեղափոխվեց Երեւան»:

«Արամ Խաչատրյանը ստորագրությունների կարիք չունի»,- փաստեց Ռոբերտ Ամիրխանյանը՝ շարունակելով. - «Երեւանում ստորագրահավաքը կազմակերպել էր Արտասահմանյան երկրների հետ մշակությային կապերի կոմիտեն: Օրեր անց դրա նախագահին նշանակեցին մշակույթի նախարար»:

Իսկ ահա Տիգրան Մանսուրյանը, ով եւս օրհներգի իր տարբերակն է ներկայացրել, այսօր հայտարարեց, թե ինքը մրցույթի ազնվությանը կասկածելու հիմքեր չի տեսնում: Նա, սակայն, հատուկ ընդգծեց, որ Ռոբերտ Ամիրխանյանի դեմ ոչինչ չունի: «Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է Ամիրխանյանը կասկածում՝ ես այդ խոհանոցը չեմ մտել»:

Տիգրան Մանսուրյանը պատրաստվում է առաջիկա օրերին ժյուրիին ներկայացնել իր երաժշտական տարբերակը, իսկ Ռոբերտ Ամիրխանյանը, եթե անգամ հաստատ որոշի մասնակցել մրցույթին, մտադիր է առաջարկել օրհներգի ոչ միայն երաժշտությունը, այլեւ իր հեղինակած տեքսը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG