Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությանը փորձում են կրկին վտարել իր գրասենյակից


Հայաստանի նախկին արտգործանախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչների երեկ էին կրկին հնարավորություն ստացել մուտք գործել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքում գտնվող կուսակցության վարձակալած տարածքը, այսօր կրկին կանգնեցին վտարման սպառնալիքի առջեւ:

Առավոտյան կուսակցության անդամներին գրասենյակից վտարելու եկած Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ ստորաբաժանման աշխատակիցները պնդեցին, որ երեկ կուսակցության ներկայացուցիչները «անօրինական են մտել գրասենյակ», քանի որ նրանց չի ուղեկցել ԴԱՀԿ ներկայացուցիչը:

Խնդիրն այն է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 26-ին կայացված եւ հուլիսի 12-ին օրինական ուժի մեջ մտած վճիռը տարընթերցումների տեղիք է տվել: Ուստի «Ժառանգությունը»-ը դիմել է դատավոր Էդուարդ Ավետիսյանին՝ իր կայացրած վճիռը պարզաբանելու խնդրանքով: Մինչ այդ վտարման գործընթացը սառեցվեց:

«Ցավ է, որ ինքնիշխան, իբր թե իրավական, իբր թե սոցիալական, իբր թե ժողովրդավարական Հայաստանում նման ապօրինի գործողությունները [տեղի են ունենում]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Կամայականությունների, Բաղրամյան պողոտայից եկող հրահանգների այս շարանը շարունակվում է եւ շարունակվում է, իմ կարծիքով՝ արհամարհելով քաղաքացու արժեքը, դերակատարումը եւ գիտակցությունը Հայաստանի Հանրապետությունում»:

«Այս գործողությունը, որին մենք այսօր վկա ենք լինում, փաստում է, որ մենք դեռ հեռու ենք իրավական, ժողովրդավարական երկիր լինելուց: Եվ բոլոր նախընտրական թե հերթական խոսակցությունները ազգային արժեքների, քաղաքացիական հասարակության մասին սոսկ փուչիկներ են, որովհետեւ մեր իշխանության, մեր պետության իրական պատկերը առայժմ հենց այս տեղում է», - շարունակեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը բնորոշմամբ, այսօր կատարվողը «վախկոտի ձեռագիր է». - «Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը, իր քաղաքացին, իր նախագահը, իր ընդդիմադիրը լինի անվախ եւ լինի ազատ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG