Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հանրապետության նախագահը ամբողջովին հավանություն է տվել իմ մտադրությանը»


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը վերջերս անդամակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ դրա առաջիկա համագումարում, ամենայն հավանականությամբ, ընտրվելու է ղեկավար պաշտոնում, չի պատրաստվում հրաժարվել պաշտպանության նախարարի պաշտոնից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու պարագայում արդյո՞ք չի հրաժարվի պաշտպանության նախարարի պաշտոնից, թեեւ երկրի Սահմանադրությունը չի պարտավորեցնում դա անել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Բոլորովին ոչ: Որովհետեւ անիմաստ է: Ինչի՞ համար պիտի հրաժարվեմ պաշտպանության նախարարի պաշտոնից: Վա՞տ եմ աշխատել... Վատ եմ աշխատել՝ հանրապետության նախագահը կորոշի»:

Սերժ Սարգսյանը բացառեց, թե նախագահ Քոչարյանը կարող է իրեն պաշտոնանկ անել կուսակցական դառնալու պատճառով:

«Հանրապետության նախագահը ամբողջովին հավանություն է տվել իմ մտադրությանը», - բացատրեց նա: - «Ես կարծում եմ, առիթ կլինի, երեւի նա կամ իր խոսնակը այդ մասին կասի... Ի՞նչ իմաստ ունի Գերագույն գլխավոր հրամանատարի կարծիքին հակառակ քայլեր անել»:

Հարցին, թե պաշտպանության նախարարի դիրքը ընտրությունների ժամանակ վարկանիշ բերո՞ղ է, թե՞ հակառակը, Սարգսյանը արձագանքեց. - «Թող ուրիշները ուրախանան, եթե հակառակը կլինի: Ինչո՞ւ են միանգամից արդեն ընկել դեսուդեն, ասում են՝ հրաժարական եւ այլն: Բացի դրանից, դուք շատ լավ գիտեք, թե ինչպիսի հեղինակություն ունի բանակը մեր հասարակության մեջ: Նույն Գելապի ինստիտուտի հարցումների արդյունքով՝ 80 տոկոսից ավելի է մեր ժողովրդի վստահությունը բանակի նկատմամբ»:

«Դուք ուզո՞ւմ եք դառնալ նախագահ», - ուղիղ տրված այս հարցին Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Բարդ է ասել դրա մասին: Որովհետեւ երեւի լրջորեն չեմ մտածել այդ թեմայով: Անկեղծ եմ ասում՝ ուզում եք հավատացեք, ուզում եք՝ չէ: Ես իմ որոշումը կայացնելու եմ իրոք խորհրդարանական ընտրություններից հետո»:

Նա հավելեց, որ երբեք որեւէ պաշտոնի չի ձգտել:

Իսկ հարցին, թե քանի տեղ պետք է ունենա ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում, որպեսզի ինքը կողմնորոշվի նախագահի թեկնածության հարցում, պաշտպանության նախարարը պատասխանեց. - «Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ եթե Հանրապետականը ընտրություններում շահի մինչեւ 21-22 տոկոս, ես կհամարեմ դա բավարար, մինչեւ 25 տոկոսը՝ լավ, դրանից ավելի՝ գերազանց»:

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ անցած ամիս քողազերծված սկզբունքներին նախարարը կողմ է: «Առաջարկվող սկզբունքներին ես կողմ եմ», - ասաց նա: - «Ես այդ մասին բազմիցս արտահայտվել եմ, գրավոր եմ արտահայտվել: Իհարկե կողմ եմ»:

Հարցին՝ եթե հանրությունը այդ հարցում այլ կարծիքի լինի, մտավախություն չունի՞, որ դա կազդի իր քաղաքական կարիերայի վրա, Սերժ Սարգսյանը արձագանքեց. - «Ոչ: Եթե հանրությունը այլ կարծիք կունենա, այլ քաղաքական ուժ մեծամասնություն կունենա, իր քաղաքականությունը կանցկացնի, եւ շատ լավ կլինի... Ես ո՞նց կարող եմ դեմ լինել մի բանի, որ մեր ժողովրդի սրտով է լինելու»:


Ռուզան Խաչատրյան, Հրաչ Մելքումյան եւ Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG