Մատչելիության հղումներ

«Այլեւս ոչ մի զիջում Կիպրոսի հարցում: Հիմա մեր միակ նպատակը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նկատմամբ սահմանված անարդար պատժամիջոցներին ու մեկուսացմանը վերջ տալու համար ամեն ինչ անելն է», - երեկ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայի օդակայանում՝ Կիպրոսի թուրքական հատված մեկնելուց առաջ:

«Թուրքիան այս հարցում կարգավորման անկեղծ ցանկություն ունեցող կողմ է», - արդեն Կիպրոսում ասել է Էրդողանը:

Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը, իր հերթին, գովեստով է խոսել Էրդողանի ղեկավարած բարձրաստիճան պաշտոնյաների այցի մասին:

«Թըրքիշ Դեյլի Նյուզ» թերթի փոխանցմամբ, Թալաթն ասել է նաեւ, թե միայն թուրքական կողմն է բարի կամք դրսեւորում, սակայն դա բավական չէ վեճը կարգավորելու համար: Թալաթը Հունաստանին եւ Կիպրոսի հունական հատվածի ղեկավարներին հորդորել է «անկեղծորեն համագործակցել փակուղային իրավիճակը հաղթահարելու համար»:

Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված հունական վարչակազմի խոսնակ Խրիստոդուլոս Պասիարդիսը վարչապետ Էրդողանի այցը որակել է որպես սադրանք եւ վերստին հայտարարել է, որ «Թուրքիան պարտավոր է կատարել Եվրոպական միության առջեւ ստանձնած պարտավորությունները»:

Անկարան պնդում է, թե Եվրամիության պահանջն արդար չէ, քանզի Կիպրոսի թուրքերը հանրաքվեով հավանություն են տվել խնդրի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ծրագրին, մինչդեռ, հույներն այն մերժել են: Այնուհետեւ հունական Կիպրոսը անդամակցել է Եվրամիությանը:

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ չեղյալ հայտարարի անարդար սամհանափակումները», - Կիպրոսի թուրքական հատվածի մայրաքաղաք Լեֆքոշայի Էրչանի անվան օդակայանում ասել է Էրդողանը:

Լեֆքոշան, ըստ էության, նույն Նիկոսիան է. այդպես են մայրաքաղաքն անվանել թուրքերը:

Էրդողանն ասել է, որ Անկարան միանշանակ ողջունել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետոթյան եւ հունական Կիպրոսի ղեկավարներ Մեհմեթ Ալի Թալաթի ու Տասոս Պապադոպուլոսի ՄԱԿ-ի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման փաստը»:

Երկու հատվածների ղեկավարները հազվադեպ են հանդիպում: Վերջին բանակցություններից հետո նրանք վստահեցրել են, որ աշխատելու են կղզու վերամիավորման ուղղությամբ:

Թուրքիայի բանակը Կիպրոսի հյուսիսային հատվածը գրավել է 1974 թվականի հուլիսի 20-ին: Դրանից հետո թուրքերն այդ օրը նշում են որպես տոն, հույներն այն անվանում են «սեւ տարելից»: Թուրքական բանակը ներխուժել էր Կիպրոս՝ հայտարարելով, թե նպատակ ունի «պաշտպանել հույների կողմից անդադար հարձակումների ենթարկվող թուրքերին»: Իրավիճակը Կիպրոսում սրվել էր այն բանից հետո, երբ հունական խունտայի՝ «սեւ գնդապետների» նախաձեռնությամբ Կիպրոսում տեղի է ունեցել հեղաշրջան փորձ, որի նպատակը Կիպրոսը Հունաստանին վերամիավորելն էր:

Հեղաշրջումը ձախողվել էր, եւ այդ օրվանից շուրջ 30 հազար թուրք զինվոր է տեղակայված Կիպրոսի հյուսիսային հատվածում: 1975-83 թվականներին Կիպրոսի թուրքերն իրենց կազմավորումն անվանել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական դաշնային պետություն, 1983-ին նրանք հռչակել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որն այսօրվա դրությամբ միայն Անկարան է ճանաչել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG