Մատչելիության հղումներ

Քննական մարաթոնը մեկնարկեց


Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր, որ քննություններին չներկայացած դիմորդները բացը լրացնելու են ոչ թե քննաշրջանի ավարտին, այլ հետաձգված քննությունից 2-3 օրվա ընթացքում: Սակայն այսօր էլ բազմաթիվ դիմորդների փոխարեն քննության ներկայացան նրանց ծնողները՝ բժշկի թղթերը ձեռքին:

Առարկայական հանձնաժողովի նախագահները միաբերան բողոքում են դիմորդների սահմանափակ գիտելիքներից ու մտածողությունից:

«Հատկապես դժվարանում են այն առաջադրանքներում, որոնք ինքնուրույն մտածողություն են պահանջում եւ ոչ թե մեխանիկական աշխատանք»,- նշում է ֆրանսերեն (գրավոր) առարկայական հանձնաժողովի նախագահ Արամ Բարլեզիզյանը:

«Բանավոր զրույցի ընթացքում հարց ես տալիս եւ զգում, որ դիմորդին խանգարում է ոչ թե լեզվի գիտելիքների պակասը, այլ՝ սահմանափակ մտածողությունը»,- հավելում է անգլերեն (բանավոր) առարկայական հանձնաժողովի նախագահ Գայանե Գասպարյանը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ անգլերեն բանավոր քննությանը ծնողները կարողանում էին հետեւել տեղադրված հեռուստացույցների միջոցով: Մինչդեռ սարքին նույնիսկ շատ մոտ նստած ծնողները գրեթե ոչինչ չեն լսում:

Արդեն քանի տարի է դիմորդները քիմիայից բաղձալի «քսանը» չեն ստանում: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Փիրումյանի վստահեցմամբ՝ դա արտառոց չէ. - «Առարկան դժվար է, բացառիկ ընդունակություններով երեխաները՝ քիչ: Լավագույն աշխատանքին «20» չենք խնայի, ես ոչինչ չեմ խոստանում»:

Անգլերեն (բանավոր) առարկայական հանձնաժողովը գլխավորող Գայանե Գասպարյանը «քսան»֊-ներ խոստանում է. - «Ինչպե՞ս կարող է «20» չլինել, անպայման, նախորդ տարի մեզ իրենց փայլուն գիտելիքներով զարմացրեցին հատկապես մարզերի դիմորդները»:

«Ընթացքում սիրալիր ու բարեհամբույր են, բայց արդյունքում լավ էլ ցածր են գնահատում»,- Գայանե Գասպարյանի ղեկավարած հանձնաժողովից դժգոհում է լացակումած դիմորդը: Հանձնաժողովը դիմորդին «8» է գնահատել, մինչդեռ նրա մոր պնդմամբ՝ այլ մասնագետներ նրա անգլերեն գիտելիքները գնահատել են «16-18» միավոր:


Հասմիկ Սմբատյան եւ Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG