Մատչելիության հղումներ

Այսօր կիրականացվի Հալեպ - Երեւան եւս երկու չվերթ


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր եւս երկու ինքնաթիռ Հայաստանից կմեկնեն Հալեպ՝ Հայաստանի քաղաքացիներին եւ մեր հայրենակիցներին Երեւան տեղափոխելու նպատակով:

Լիբանանում Հայաստանի դեսպանատանը արդեն հերթագրվել է Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնած մոտ 200 մարդ:

«Հիմնականում նրանք Հայաստանի քաղաքացիներ են», - պարզաբանեց Կարապետյանը: Նրա խոսքերով, Լիբանանից Հայաստան մեր հայրենակիցները հոսքը մեծ չէ. - «Պարզապես մենք պատրաստ ենք մեծ հոսքի, քանի որ չկա որեւէ երաշխիք, թե երբ այս գործողությունները կավարտվեն»:

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Բեյրութում լույս տեղնող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Կանդահարյանը, երեկ Բեյրությում հրավիրած ասուլիսում անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների տարհանմանը: Այլ տեղեկություններ ասուլիսի վերաբերյալ առայժմ չկան:

Կանդահարյանը ասաց նաեւ, որ չորեքշաբթի օրը ռմբահարվել է Բեյրութից ոչ հեռու գտնվող Էշռեֆիե քաղաքը, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա: Տուժածների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

«Ազդակի» խմբագրի փոխանցմամբ, չնայած շարունակվող պատերազմական գործողություններին, դեռեւս փախստականների մեծ արտահոսք չկա երկրից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Լիբանանի Բեքայի շրջանի՝ հիմնականում հայաբնակ Անճար գյուղի բնակիչ Գալուստ Փալազյանը ասաց, որ թեեւ պատերազմական գործողությունները ընթանում են գյուղից ոչ շատ հեռու, գյուղը դեռեւս չի տուժել:

«Մոտավորապես 2500 հայություն ունենք այստեղ», - ասաց Փալազյանը: - «Օրական ռմբակոծում են մեր շրջակայքը»:

Հարցին, թե արդյո՞ք տեղի հայերը ավելի ապահով վայրեր կամ Հայաստան տեղափոխվելու մտադրություն չունեն, Գալուստ Փալազյանը արձագանքեց, թե կոնկրետ իր ընտանիքը որեւէ տեղ տեղափոխվելու ֆինանսական հնարավորություն չունի. - «Մենք կարողություն չունենք հեռանալու... Շատերը, որ բանկերում գումարներ ունեն, չեն կարող ստանալ դրանք, որովհետեւ չեն տալիս այս ներկա պայմաններում»:

Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը երեքշաբթի օրը կառավարության նիստում հայտնել էր, որ ռմբակոծությունները սկսվելուց հետո Լիբանանից Երեւան է ժամանել Հայաստանի 160 քաղաքացի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG