Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իսրայելա-արաբական վերջին իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին նաեւ, թե խաղաղության եւ անվտանգության համար ինչքան վտանգավոր են ավտորիտար ռեժիմները», - ընդգծում է «Ժամանակ Երեւան»-ը՝ զուգահեռելով. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցման քաղաքականությունը, որի ջատագովներն են Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա վարչախմբերը, նույնպես են կարող է նման տխուր հետեւանքների հանգեցնել՝ թե’ հնարավոր պատերազմի ծավալի, թե’ մասնակիցների թվի մեծացման իմաստով: Դրա համար ենք կարեւորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորումը եւ կայուն խաղաղության հաստատումը: Դրա համար ենք շարունակ պնդում, որ կարգավորման փաստը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման եւ ինքնարտահայտման երաշխիքով, շատ ավելի առաջնային է, քան Երեւանից ու Բաքվից հնչող «Ղարաբաղը մերն է» պարզունակ կարգախոսը»:

«Լիբանանի հայությունը Սփյուռքի սովորական համայնքներից չէ, որին կարելի է Իրաքի հայերի օրինակով հնարավորություն տալ ներգաղթելու Հայաստան կամ էլ տեղափոխվելու Եվրոպա ու ԱՄՆ։ Լիբանանի հայ համայնքը եւ այնտեղ հաստատված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մարմնավորում են Ցեղասպանությունից վերապրած արեւմտահայության մշակութային, քաղաքական ու հոգեւոր դեմքը։ Ուստի ներկայումս պարզապես առաջարկել Լիբանանի հայությանը՝ Հայաստան ներգաղթելու ինչ-ինչ արտոնյալ պայմաններ ոչ միայն սխալ է, այլեւ խիստ վտանգավոր ողջ Սփյուռքի ապագայի համար», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Առավոտ»-ը մատուցում է. - «Այսօր մեր հասարակությունը, օբյեկտիվ մի քանի պատճառներով, ավելի քիչ է հակված հեղափոխությանը, քան 10 տարի առաջ: Սակայն հիմնական խնդիրները մնում են, եւ այսօր էլ status-quo-ի փոփոխման կողմնակիցները մի քանի անգամ ավելի շատ են, քան կայունամետները: Եվ որպեսզի իրավիճակը վաղ թե ուշ չպայթի, անհրաժեշտ են status-quo-ի փոփոխման փորձեր վերեւից [լուրջ բարեփոխումներ]: Առայժմ, սակայն, մեր իշխանական բուրգում որեւէ «որբաչով» չի նշմարվում»:

«Սերժ Սարգսյանը նախկին ընտրություններին մասնակցեց Հանրապետականի ցուցակում, եւ ակնհայտ էր, որ ուրիշ տեղ չուներ գնալու բացի Հանրապետական կուսակցությունից: Նա այդպիսով փորձում է հասարակական հանդուրժողականության որոշակի ռեսուրս ձեռք բերել, որը իր համար հնարավոր է միայն Հանրապետականի հետ: Իսկ Հանրապետականին էլ ձեռնտու է, որ իր շարքերը մտնի մարդ, որն ի տարբերություն իրենց, ռեալ ադմինիստրատիվ ռեսուրսներ ունի», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թղթակցի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ պաշտպանության նախարարները, կարծես ավանդաբար, Հանրապետական կուսակցությունն են ընտրում որպես իրենց քաղաքական ծրագրերի իրականացման հենարան, Սարգսյանը պատասխանում է. - «Պաշտպանության նախարարությունը որեւէ կապ չունի: Վազգենի պարագայում կար կուսակցություն, որը Վազգենն է’լ ավելի հզորացրեց, եւ քաղաքական դաշտում այն դարձավ ռեալ գործոն: Սերժ Սարգսյանի պարագայում կա կայացած կուսակցություն, եւ ինքը փորձում է իր մուտքով ավելացնել կուսակցության գործոնը: Ժամանակը ցույց կտա, թե ինչ դուրս կգա այս ամենից»: «Ժամանակ Երեւան» թերթը գնահատում է. - «Իրականում այս ամենն արվում է մեկ նպատակով. Քոչարյանն ուզում է Հայաստանում սահուն իշխանափոխանցում անել եւ որպես առավել վստահելի թեկնածու ընտրել է Սերժ Սարգսյանին»:

«ՀՀԿ-ն կարող է թակարդ դառնալ նորագիրների համար», - «Հայկական ժամանակ»-ում կարծիք է հայտնում քաղաքագետ Աղասի Ենոքյանը: - «Սերժ Սարգսյանը տվյալ դեպքում այն պանիրն է, որը դրված է թակարդում եւ որի շուրջը բոլորը հավաքվելու են»:

Նույն թերթը տեղեկացնում է. - «Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում է գրել նաեւ Կենտրոնի թաղապետ, մինչ նախօրեն անկուսակցական Գագիկ Բեգլարյանը»: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հարգել է Բեգլարյանի դիմումը եւ երեկ նրան ընդունել է կուսակցության շարքերը. - «Ի դեպ, Գագիկ Բեգլարյանը կընդգրկվի նաեւ ՀՀԿ խորհրդի կազմում»:

«Առավոտ»-ը փոխանցում է, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ «Փաստարկ» ակումբում ասել է, թե մեր երկրի համար վտանգավոր զարգացումներ է տեսնում Սերժ Սարգսյանի՝ հանրապետական դառնալու պարագայում. - «Սերժ Սարգսյանը ոչ միայն բանակն է վերահսկում, այլեւ՝ Հայաստանի ֆինանսատնտեսական ռեսուրսների զգալի մասը: Իսկ այժմ, դառնալով ՀՀԿ անդամ եւ միավորվելով երկրի ֆինանսների եւ տնտեսության մնացած մասը վերահսկող Անդրանիկ Մարգարյանի հետ, նրանք ՀՀԿ-ն դարձնում են մի մոնստր կուսակցություն, որի տակ գտնվում է ամբողջ տնտեսությունը: Երկրում ձեւավորվում է միակուսակցական համակարգ, փորձ է արվում մոնոպոլ իշխանություն ստեղծելով մոնոպոլիզացնել երկրի տնտեսությունը»: Այս տանդեմի դեմ պայքարելու համար, ըստ Մանուկյանի, ընդդիմությունն այժմ կարող ուժեր չունի, քանի որ դրա համար ֆինանսներ են պետք. - «Բուրգի դեմ բուրգ է պետք, բայց ընդդիմությունը չի կարողանում բուրգ կառուցել»:

«Մեր գլխավոր սխալն այն է, որ ժողովրդավարության զարգացումը երկրում, չգիտես ինչու, կապում են բացառապես Ընտրական օրենսգրքի, ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, այսինքն՝ այն ամենի հետ, ինչը կախված է իշխանության գործողություններից», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Ըստ որում, իսպառ մոռացության է մատնվում մի շատ ավելի կարեւոր հիմնախնդիր. քաղաքացիական հասարակության ձեւավորումն ու ինքնակազմակերպումը»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG