Մատչելիության հղումներ

Հայաստանում ապրող ռուս հնածեսականները Ռուսաստան տեղափոխվելու ցանկություն չունեն


ԻՏԱՌ-ՌԱՍՍ գործակալությունը անցած շաբաթ հաղորդել էր, թե «ուկրաինական մի ստանիցայի եւ Հայաստանի մի գյուղի [ռուս] հնածեսականները՝ ընդամենը 200 մարդ, ցանկություն են հայտնել մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Տամբովի մարզում՝ օգտվելով Ռուսաստանի նախագահի՝ «Արտասահմանում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցմանը աջակցելու միջոցառումների մասին» հրամանագրի ընձեռած հնարավորությունից: Ռուս հնածեսականներին այցելած «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, սակայն, Հայաստանում բնակվող հնածեսականների շրջանում մեկնել ցանկացողների չհանդիպեց:

Ռուս հնածեսականները Հայաստանում ապրում են հիմնականում Վանաձորից ոչ հեռու գտնվող Լերմոնտով եւ Ֆիոլետովո գյուղերում: Նրանք զբաղվում են հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությամբ, ինչից ստացված արտադրանքը վաճառում են Վանաձորում:

Ի տարբերություն տեղի հայ բնակչության մեծամասնության, ռուս հնածեսականները գոհ են իրենց կյանքից. ամեն դեպքում՝ չեն դժգոհում, թե «վատ են ապրում եւ ուզում են հեռանալ Հայաստանից»:

Ինչպես Լերմոնտովում, այնպես էլ Ֆիոլետովոյում մարդիկ անգամ տեղյակ չէին, որ իրենք Ռուսաստանում վերաբնակվելու հնարավորություն ունեն, որտեղ խոստանում են կացարան եւ աշախատանք:

«Այդ ամենը այստեղ էլ ունենք», - ասում էին նրանք:

«Մենք այստեղ էին ծնվել: Մեր ծնողները, հարազատները այստեղ են թաղված, ինչո՞ւ գնանք Ռուսաստան», - ասամ է հիմնականում ռուս հնածեսականներով բնակեցված Լերմոնտով գյուղի բնակիչ, թոշակառու Տատյանա Պավլովնան: - «Ամեն տեղ էլ դժվար է. կաշխատես՝ կապրես... Ես կով եմ պահում, կաթ եմ վաճառում... Փառք Աստծո, դեռ ապրում ենք»:

Ռուսաստան գնալու մասին Տատյանա Պավլովնան «անգամ չի էլ մտածում». - «Մենք սովորել ենք այստեղի կյանքին: Ես Կիրովական [Վանաձոր] ոտքով կգնամ եւ չեմ վախենա: Իսկ Ռուսաստանում այդպես չես գնա... Ես այստեղ կմեռնեմ...»:

Լերմոնտովի մեկ այլ բնակիչ՝ Տատյանա Անդրեեւնան, ով 8 երեխաների մայր է, նույնպես դժգոհ չէ՝ ամուսինը Երեւանում աշխատում է, օրական 8 հազար դրամ է վաստակում, ինքն էլ անասնապահությամբ է զբաղվում, վաստակում է. այնպես որ՝ գոհ են:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG