Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է ներխուժել Իրաք


Թուրքիայի կառավարության հրահանգով երկրի պաշտպանության նախարարությունը սկսել է մշակել Իրաքի հյուսիսային շրջանները ներխուժելու ծրագիր: Թուրք զինվորականների նշանակետը լինելու են քուրդ գրոհայինների ռազմակայանները:

Նման տեղեկատվություն, ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հաղորդել են թուրքական որոշ լրատվամիջոցներ:

Պաշտոնական Անկարան չի հաստատում այս տեղեկատվությունը: Երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իրադրությունը մեկնաբանել է այսպես. - «Մենք գիտենք, թե ինչպես կարելի է ինքնուրույն հաղթահարել տեռորիզմը: Մեր իրավասու մարմինները արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները եւ կշարունակեն դրանք»:

Նախօրեին Թուրքիան դիմել էր Իրաքի իշխանություններին երկրի հյուսիսում քուրդ անջատողականների գործողությունները կասեցնելու կոչով: Թուրքիայի արդարադատության նախարար Սելիմ Սիսեկը հայտարարել էր, թե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում Թուրքիան «մտադիր է մինչեւ վերջ օգտագործել իր միջազգային իրավունքները»:

Իրավիճակի սրումը պայմանավորված է անցած շաբաթ թուրքական հատուկ ծառայությունների 15 աշխատակիցների սպանությամբ, ինչի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG