Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը քննարկում է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ստեղծված իրավիճակը


Վրաստանի խորհրդարանն այսօր քննարկում է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ռուսաստանցի խաղաղապահների ներկայության նպատակահարմարությունը:

«Իմաստ չեմ տեսնում խաղաղապահների դուրսբերման մեջ, դա արդյունավետ չէ», - «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մելիք Ռայիսյանը:

Մինչդեռ մեկ այլ հայազգի օրենսդիր՝ Վան Բայբուրդյանը, պնդում է, որ խաղաղապահները չեն կատարել իրենց առաքելությունը: «Այդ ուժերը իրենց չեն արդարացնում, միակողմանի են, եւ դա շարունակվում է արդեն 6-7 տարի»:

Իսկ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մոսկվայից ու Ցխինվալիից հնչող պնդումները, թե Վրաստանը առաջիկա օրերին պատրաստվում է ռազմական քայլերի դիմել Հարավային Օսիայի դեմ: «Դա ո'չ ճիշտ է, ո'չ էլ հնարավոր, ընդհանրապես համարում եմ՝ ոչ հավանական», - ասաց Մելիք Ռայիսյանը:

Ուժային սցենարը բացառում է նաեւ Վան Բայբուրդյանը: «Ես 100 տոկոսով կարող եմ ասել, որ վրացական կողմը ռազմական գործողություններ չի սկսի», - գտնում է պատգամավորը:

Նրա կարծիքով, վրացական կողմի տեսակետը վերջնականապես կհստակեցվի ԱՊՀ մոսկովյան ոչ ֆորմալ գագաթնաժողովից հետո, որին կմասնակցի նաեւ Միխեիլ Սահակաշվիլին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG