Մատչելիության հղումներ

Կքննարկվի Կոսովոյի միջազգային կարգավիճակի հարցը


«Միայն անկախություն»՝ այս պահանջով են այսօր գնում բանակցությունների Կոսովոյի ներկայացուցիչները: Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների 7-րդ փուլում այսօր հանդիպում են սերբական եւ ալբանական կողմերի ներկայացուցիչները, միջնորդներն ու փորձագետները:

Իսկ հուլիսի 24-ին Վիեննայում նախատեսվում է Սերբիայի նախագահի, վարչապետի եւ Կոսովոյում ՄԱԿ-ի ստեղծած վարչակազմի ղեկավարների հանդիպումը: Արդեն կես տարի տեւող բանակցությունների արդյունքում հուլիսի 24-ին առաջին անգամ օրակարգում կլինի Կոսովոյի միջազգային կարգավիճակի հարցը:

«Կոսովոյի պատվիրակությունը մեկնում է Վիեննա ոչ թե անկախության շուրջ բանակցելու, այլ հստակ հայտարարելու, որ խնդրի միակ լուծումը համապարփակ, ամբողջական անկախությունն ու ինքնիշխանությունն է: Դա է մեր ժողովրդի կամքը», - ասել է Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդուի խորհրդական Սկենդեր Հիսենին: Միջազգային իրավունքի տեսակետից Կոսովոն համարվում է Սերբիայի մաս, իրականում այդ տարածքի ղեկավարումը 1999 թվականից ստանձնել է ՄԱԿ-ի ստեղծած վարչակազմը:

Բանակցությունները Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթանում են այս տարվա փետրվարից: Բանակցային գործընթացում հիմնական միջնորդը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահթիսաարին է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG