Մատչելիության հղումներ

Ամենամեծ մրցույթը անգլերեն լեզվի ֆակուլտետներում է


Հայաստանյան բուհերի այս տարվա դիմորդները ամենաշատը ձգտում են անգլերենի ուսուցիչ դառնալ. այդ է վկայում ընդունելության մրցույթի անսպասելի եւ աննախադեպ պատկերը՝ Պետական մանկավարժական համալսարանի անգլերենի ֆակուլտետում կգրանցվի այս տարվա ամենամեծ մրցույթը՝ 1 անվճար տեղի համար պետք է պայքարի 28 դիմորդ:

Այս ցուցանիշով ֆակուլտետը գերազանցել է նույնիսկ Պետհամալսարանի եւ Լեզվաբանական համալսարանի անգլերենի մասնագիտացված ֆակուլտետները. առաջինում մեկ անվճար տեղի համար դիմել է 25, լեզվաբանականում՝ 18 հոգի: Ըստ պատասխանատուների, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ուսման վարձավճարները մանկավարժականում 50-60 դոլարով ցածր են:

Առաջին տեղում հայտնված անգլերենին հաջորդում է միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետների մրցույթը. դիմորդների շրջանում այս մասնագիտությունների պահանջարկը նախորդ տարվա համեմատ շուրջ 15 տոկոսով բարձրացել է՝ մեկ անվճար տեղի համար այստեղ կմրցի 22-23 հոգի: Եթե անգլերենով մասնագիտանալու դիմորդների շահագրգռվածությունը ինքնին հասկանալի է, ապա մասնագետները դժվարանում են մեկնաբանել հատկապես քաղաքագիտության ֆակուլտետի նման մեծ պահանջարկը: Մանավանդ որ, նրանց վկայությամբ, այստեղ դիմողների 70-80 տոկոսը չի պատկերացնում, թե ինչ մասնագիտություն է դա:

«Բոլորը չէ, որ պատկերացնում են, թե ինչ է քաղաքագիտությունը: Դիմորդների եթե նույնիսկ 20-30-տոկոսը պատկերացնի, դա արդեն իսկ մեծ հաջողություն է», - նկատում է Պետհամալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: - «Մեծ մասը մոդայի հետեւից է գնում»:

Այն, որ մեր դիմորդների շրջանում մասնագիտությունների վարկանիշը որոշվում է ոչ թե աշխատաշուկայի պահանջարկով, այլ «հնչեղությամբ եւ մոդայով», ապացուցվում է նաեւ այս տարի: Թեեւ աշխատաշուկայի ուսումնասիրությունների արդյունքում գործազրկության ամենաբարձր տոկոսը ՄԱԿ-ի հայաստանյան փորձագետները վերջերս արձանագրել էին իրավաբանների եւ արեւելագետների շրջանում, այդ մասնագիտություններում այս տարի եւս բարձր մրցույթ է. բուհերի իրավաբանության ֆակուլտետներում 1 տեղի համար կմրցի 18-21 դիմորդ, իսկ արեւելագիտականում՝ 17 հոգի:

Փոխարենը այսօր ցածր պահանջարկ են արձանագրում բուհերի բնագիտական ֆակուլտետները, որտեղ դիմորդների թիվ նվազել է շուրջ 20 տոկոսով:

Առարկայական հանձնաժողովների նախագահների կազմն այս տարի գրեթե ամբողջովին փոփոխված է. այսինքն՝ նոր նախարարը հանդես է գալիս նոր կազմով: Արդյո՞ք սա ոլորտի նախկին պատասխանատուների հանդեպ անվստահության նշան չէ եւ «յուրայիններով» շրջապատվելու նպատակ չի հետապնդում: Մանավանդ, որ հանձնաժողովների նախագահներից մի քանիսը դաշնակցականներ են: Այս դիտարկման հետ նախարար Լեւոն Մկրտչյանը համաձայն չէ:

«Ընտրության հիմնական սկզբունքները մասնագիտական հմտություններն են, հեղինակությունը եւ օբյեկտիվությունը»,- նշում է նախարարը: - «Եթե նույնիսկ կուսակցական 1-2-ը կան, ապա տվյալ պարագայում նրանք ոլորտի մեծ պրոֆեսիոնալներ են»:

Հայ ժողովրդի պատմության առարկայական հանձնաժողովը շարունակելու է գլխավորել Էդիկ Գեւորգյանը, որը այդ պարտականությունը ստանձնել էր նաեւ անցյալ տարի: Սակայն նախորդ տարի այս քննությունից դիմորդներն եւ նրանց ծնողներն ամենաշատն էին դժգոհում: Սակայն դա չի խանգարել ոլորտի այսօրվա պաշտոնյաների հայոց պատմության առարկայական հանձնաժողովի ղեկը կրկին հանձնել նույն մարդուն:

Ամեն դեպքում, ոլորտի նոր պատասխանատուները այս տարի խոստանում են «օբյեկտիվ եւ թափանցիկ քննություններ»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG