Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը մտահոգություն է հայտնել Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ


Հայաստանի արգործնախարարությունը խոր մտահոգություն է հայտնել Լիբանանում ծավալված ռազմական գործողությունների եւ խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի կապակցությամբ:

«Հայաստանը դատապարտում է ցանկացած բռնարարք՝ լինի դա պատանդ վերցնելը, թե ուժի օգտագործումը: Մենք հատկապես անընդունելի ենք համարում անհամաչափ ուժի օգտագործումը, որը վնաս է հասցնում քաղաքացիներին եւ ենթակառույցներին»,֊ - ասված է արտգործնախարարության` այսօր տարածած հայտարարության մեջ:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ՝ վերջին երեք օրվա ընթացքում իսրայելյան ուժերի կողմից իրականացված ռմբակոծությունների հետեւանքով Լիբանանում զոհվել է առնվազն 66 մարդ, մոտ 200֊ մարդ վիրավորվել է:

Գործողությունները սկսվել են ի պատասխան Հզբոլա մահմեդական խմբավորման կողմից երկու իսրայելցի զինվորների պատանդառման:

«Իսրայելի նման արարքը դժվար է հասկանալ` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը հստակ նշել էր, որ որեւէ առնչություն չունի պատանդ վերցնելու դեպքի հետ»,֊ - փաստել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ «տարածաշրջանում զսպվածություն կլինի եւ անմիջապես զինադադար կհաստատվի, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվեն առկա խնդիրները»:

Ըստ «Հայ սփյուռք» հանրագիտարանի ներկայումս Լիբանանում բնակվում է 70֊-80 հազար հայ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG