Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը լավատես է, որ առաջիկա համապետական ընտրությունները «այս անգամ կլինեն նորմալ» եւ չի բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններին:

«Ես լավատես եմ, որ մեր ժողովուրդը վճռական է, որ այս անգամ ընտրությունների լինեն նորմալ», - ասաց նա: - «Եթե մենք խնդիրների հետեւից գնանք, խնդիրները ճիշտ ձեւակերպենք, ես կարծում եմ, որ դա կնպաստի իսկապես նորմալ ընտրությունների անցկացմանը»:

Օսկանյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, համեմայն դեպս, չբացառեց իր մասնակցությունը 2008-ի նախագահական ընտրություններին:

«Կարծում եմ, որ դեռեւս կարող եմ իմ մասնակցությունը բերել Հայաստանի գործընթացներում, պետականության կառուցման, զարգացման խնդիրներին: Բայց այդ մասնակցությունը ինչպիսի՞ դրսեւորումներ կարող է ունենալ, այս պահին ես չեմ կարող ասել: Եվ դրա մասին, կարող եմ ասել, որ չեմ էլ մտածել», - ասաց Օսկանյանը՝ հավելելով. - «Ես այս պահին կենտրոնացել եմ իմ աշխատանքի վրա: Իմ առաջ իսկապես լուրջ խնդիրներ կան՝ Հայաստան - Սփյուռք խորհրդաժողովը, Լեռնային Ղարաբաղի հարցը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը... Մի բան ինձ համար հստակ է. ուզում եմ ներգրավված լինել՝ բերելով իմ նպաստը, բայց դա ինչպիսի՞ դրսեւորում կունենա՝ ժամանակը ցույց կտա»:

Դիտարկմանը, թե Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային նախագծերից, Օսկանյանը տվեց վերլուծական պատասխան՝ թերեւս ոչ որպես արտգործնախարար, այլ որպես քաղաքական գործիչ: Հայաստանը, ըստ նրա, պետք է աշխատի երեք ուղղություններով՝ ներքին ռեսուրսներ, Սփյուռք եւ միջազգային ռեսուրսներ:

Որպես ներքին ռեսուրս, ըստ Օսկանյանի, կարելի է դիտարկել երկրորդ սերնդի տնտեսական բարեփոխումները:

«Տնտեսական առումով, իսկապես, մեծ ռեֆորմներ են իրականացվել: Դժվարին: Եվ այսօր մենք դրա պտուղները քաղում ենք: Բայց այդ բոլորը միասին վերցրած դեռ առաջին սերնդի բարեփոխումներ են: Մենք պետք է մտնենք երկրորդ սերնդի բարեփոխումների մեջ: Եթե կարողացանք դա անել, հավատացեք, միայն ներքին տնտեսական ռեսուրսները բազմապատկվում են», - պարզաբանեց նա:

Նախարարը խոսեց նաեւ երկրորդ սերնդի ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության մասին. - «Երկրորդ սերնդի քաղաքական ռեֆորմների մեջ պետք է մտնենք. դրանք այն ռեֆորմներն են, որ առաջին հերթին կարող են խփել էլիտայի տնտեսական եւ քաղաքական շահերին: Ո՞ր քաղաքական ուժը ունենա այդ համարձակությունը. խնդիրը սա է»:

Իսկ առաջին սերնդի քաղաքական բարեփոխումները ավարտին հասցնելու համար եւ երկրորդ սերնդի բարեփոխումներին անցնելուն կարող է օգնել «ժողովրդի ավելի լայն ներգրավվածությունը», լրատվամիջոցների ավելի «օբյեկտիվությունը, սկզբունքայնությունը, իրավունքի նկատմամբ հետեւողական լինելը»:

Օսկանյանի կարծիքով, հայաստանյան տնտեսական բարեփոխումները «հաջողված են»՝ տարածաշրջանում մենք «ամենալավ վիճակում ենք». - «Մենք պետք է հույսը մեր ռեսուրսների վրա դնենք եւ հնարավորինս օգտագործենք թե’ մեր ներքին ռեսուսները, թե’ սփյուռքի ռեսուրսները, որի միայն 2-3 տոկոսն ենք օգտագործում, թե’ միջազգային ռեսուրսները»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG